Ո՞ՒՄ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ կատարողները կրակոցներ արձակելուց եւ Սերգեյ Գրիգորյանին սպանելուց հետո նույն գիշերը գնացել են օդանավակայան ու մեկնել Ռուսաստան:

 

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություների համաձայն՝ կատարողները մշտապես ապրել են ՀՀ-ում, այդ դեպքից հետո են երկիրը լքել ու հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ։

2024 թվականի հունիսի 11-ին կրակոցներ են հնչել Աջափնյակ վարչական շրջանում, եւ սպանվել է քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «ֆազ»-ը։

«Ժողովուրդ» օրաթերթը դեպքից անմիջապես հետո գրեց՝ կասկածներ կան, որ Սերգեյ Գրիգորյանի սպանությունը կապ ունի քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի` «չաղ Ռուստամի» հետ, քանի որ վերջիններս շատ լարված հարաբերությունների մեջ են եղել միմյանց հետ, ու երկու ամիս անց կասկածները փարատվեցին:

Տարիներ առաջվա հին վեճերը

Դեռեւս 2020 թվականից անձնական հարցերի շուրջ առաջացած վեճի, այնուհետեւ՝ 2021թ. հունվարի 13-ին Երեւան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի 109/10 հասցեում գտնվող «Թոխմախի» գերեզմանատան ավտոկայանատեղում 36-ամյա անձի՝ Ռուստամ Ստեփանյանի եւ նրա կողմնակիցների ուղղությամբ կրակոցներ արձակվելու պատճառով թշնամական հարաբերություններ են ձեւավորվել մինչեւ այդ մտերիմ, «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի եւ Կոտայքի մարզի 36-ամյա բնակիչ «չաղ Ռուստամ» մականունով հայտնի Ռ. Ստեփանյանի միջեւ։

Դրա հետեւանքով հետագայում վերջիններիս մտերիմների մասնակցությամբ տեղի են ունեցել մի շարք միջադեպեր, այդ թվում՝ զենքի գործադրմամբ, որոնց կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ, ու գործը դատարանում է:

Շուրջ 2 ամիս իրավապահներն ստուգում էին քրեական հեղինակություն «չաղ Ռուստամին» ու արդյունքում վերջինիս ձերբակալեցին ու կկալանավորեն՝ որպես պատվիրատու, սակայն կատարողները չկան:

ԱԱԾ-ն միջամտեց

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ այս աղմկահարույց սպանությունը բացահայտելու համար ներգրավվել է նաեւ ԱԱԾ-ն։ Իրավապահները պարզել են, որ 2024թ. հունիսի 11-ին սպանություն կատարողները մի քանի անգամ հանդիպել են Կոտայքի մարզում գտնվող, Ռուստամ Ստեփանյանին պատկանող առանձնատանը։ Ըստ նախաքննական մարմնի՝ սպանություն կատարողներ Հ. Սահակյանը եւ Սու. Գրիգորյանը, իրենց հետ վերցնելով հանցակիցների հետ ապօրինի կերպով ձեռք բերված, լիցքավորված ինքնաձիգը, հեռադիտակը, երկու զույգ ձեռնոց, երկու դիմակ, ոստիկանության երկու համազգեստ, ռադիոկապի երկու սարք, լապտեր, կեղծված հաշվառման համարանիշներով՝ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով ժամը 21:00-ի սահմաններում Ռ. Ստեփանյանի տնից ուղեւորվել են Երեւան քաղաք։

Սերգեյ Գրիգորյանի սպանությունն իրագործելու համար հարմար պահ եւ նպաստավոր տեղ գտնելու նպատակով Հ. Սահակյանը եւ Սու. Գրիգորյանը հետապնդել են նրան: Ժամը 23:15-ի սահմաններում Սերգեյ Գրիգորյանն ընկերների ուղեկցությամբ դուրս է եկել Երեւան քաղաքի Շինարարների փողոցի 25 հասցեում գտնվող բուքմեյքերական գրասենյակից, նստել մայթեզրին կայանված իրեն պատկանող «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան ու պատրաստվել հեռանալ այդտեղից: Նկատելով, որ Սերգեյ Գրիգորյանը պատրաստվում է հեռանալ տվյալ վայրից՝ Հ. Սահակյանը, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան կտրուկ վարելով առաջ, բազմաթիվ կրակոցներ է արձակել Սերգեյ Գրիգորյանի ուղղությամբ, որի հետեւանքով վերջինս գլխի եւ մարմնի տարբեր հատվածներում ստացել է կյանքի հետ անհամատեղելի բազմաթիվ հրազենային վնասվածքներ:

Հանցանքի կատարումն ավարտելուց անմիջապես հետո՝ Հ. Սահակյանը եւ Սու. Գրիգորյանը, չկարողանալով դեպքի վայրից հեռանալ իրենց ավտոմեքենայով, այլ ավտոմեքենաներին բախված լինելու պատճառով թողնելով այն դեպքի վայրում՝ դիմել են փախուստի՝ ճանապարհին տարբեր տեղերում գցելով ինքնաձիգը, իրենց հագին եղած ոստիկանության համազգեստները, դրանցից մեկի գրպանում առկա փամփուշտներով լիցքավորված փամփշտատուփը, լապտերը, ռադիոկապի երկու սարքերը, դիմակներն ու մեկ զույգ ձեռնոցը։ Ապա փախչելով տարբեր ուղղություններով՝ երկուսն էլ միմյանցից առանձին գնացել են 36-ամյա անձին պատկանող, Կոտայքի մարզում գտնվող տուն, որտեղ նրանց սպասել է Ա. Կյուրեղյանը, իսկ քիչ անց միացել է նաեւ Ռ. Ստեփանյանը:

Հանցագործության կազմակերպման համար մեղադրվող քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանը՝ «չաղ Ռուստամը» եւ Ա. Կյուրեղյանը, որը նրա վարորդն է, ձերբակալվել են։

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված երկու անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Իշխանությունների հետ կապը

Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի՝  Ռուստամ Ստեփանյանը վայելում է իշխանություների հովանավորչությունը եւ մտերիմ հարաբերությունների մեջ է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ:

 

 

ԱԱԾ-Ն ՄՏԵԼ Է «ԼԱ ԴԵՖԱՆՍ»՝ ԶՆՆՈՒԹՅԱՆ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները երեկ՝ առավոտյան, դիմակավորված մտել են Տիչինայի փողոցում գտնվող «ԼԱ ԴԵՖԱՆՍ» հյուրանոց, աշխատակիցներին պառկեցրել են հատակին ու խուզարկություն սկսել:

 

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ աշխատակիցներից ոմանց ցանկացել են տանել հարցաքննության:  Ըստ ահազանգի՝ հյուրանոցը կապում են քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ «Նորատուսցի Ալիկի» հետ, ու չի բացառվում, որ խուզարկության նպատակը կապված է օրեր առաջ Սեւանում տեղի ունեցած սպանության հետ։ Հիշեցնենք, որ սպանվեց ավագանու անդամ Արսեն Աֆինյանը: Նշենք, որ գործով խուլիգանության համար կալանավորվել է քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ «Նորատուսցի Ալիկի» եղբոր որդին՝ Լեւոն Բանդուրյանը, ու չի բացառվում, որ քրեական վարույթի շրջանակներում էլ իրավապահները մտել են նրան պատկանող տարածքներ՝ խուզարկության:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստետեց հյուրանոցի հետ՝ հասկանալու համար, թե խուզարկությունն ինչ նպատակով է իրականացվել։ Ի պատասխան՝  հյուրանոցի տնօրեն Արկադի Կիրակոսյանը մեզ հայտնեց, որ հյուրանոցը կապ չունի Ալիկ Բանդուրյանի հետ, ու այն, ինչ փնտրում էին, չեն գտել, ու այս ամենն ավելի շատ նման է շոուի. «Իրավապահները ընկել են շփոթմունքի մեջ ու հյուրանոցը կապ չունի Ալիկ Բանդուրյանի հետ, այլ անձի է պատկանում, այն ինչ ման են եկել, չեն գտել, ուղղակի շոու է: Իրենք ցենզուրայից դուրս բաներ էին պահանջում, ու ես ոչինչ չէի հասկանում, կրկնում եմ՝ շոուի նման էր, ցույց տան, թե աշխատում են»:

«Ժողովուրդ» օրաթերթի այն հարցին, թե կոնկրետ որ ուժային կառույցն է մտել, Արկադի Կիրակոսյանը նշեց, որ ԱԱԾ-ն, եւ որ  որեւէ աշխատակցի հարցաքնության չեն տարել:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՕՂԱԿԸ ԳՆԱԼՈՎ ՍԵՂՄՎՈՒՄ Է

Ուշագրավ իրավիճակ՝ քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ «Նորատուսցի Ալիկի» շուրջ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, եւ իրավապահները մտել են նրան պատկանող բոլոր տարածքներ՝ խուզարկության։

Քրեական ենթամշակույթի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 3 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, մեկին ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով եւ 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, մյուս երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերջիններիցս մեկը ձերբակալվել է։ Մյուսներին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն է տրված։ ArmLur.am-ին այս մասին ասաց Քննչական կոմիտեի նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նա տեղեկացրեց, որ վարույթի շրջանակներում ակտիվ ապացուցողական եւ վարութային գործողությունները շարունակվում են, այդ թվում՝ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ, առանձին հասցեներում եւ օբյեկտներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ։

 

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՂ ՏՂԱՄԱՐԴԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Հուլիսի 27-ի գիշերը՝ ժամը 22:07-ին, «Աստղիկ» բժշկական կենրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել կտրած-ծակած վերքերով՝ 29-ամյա կին եւ ձեռքի կտրած-ծակած վնասվածքով՝ 58-ամյա տղամարդ: Ժամը 22:40-ին հիվանդանոցից հայտնել են, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել նաեւ 54-ամյա տղամարդու:

54-ամյա տղամարդը, սպանության փորձ կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

 

 




Լրահոս