Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է թվով 3 անձանց կողմից պետական դավաճանություն կատարելու, եւս 3-ին` հանցագործության մասին չհայտնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ թվով 3 ՀՀ քաղաքացիներ` Կ. Մեհրաբյանը, Ռ. Մաթեւոսյանը եւ Ա. Չտրկյանը, Թուրքիայում ընկել են Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտ եւ ստացել առաջարկ` համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ: Մասնավորապես նրանց հանձնարարվել է տեղեկություններ հայթայթել` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի, դրանց հրամանատարական կազմի, ստորաբաժանումների եւ տեխնիկայի թվաքանակի վերաբերյալ:Բացի այդ, պարզվել է նաեւ, որ Հայաստանի քաղաքացիներ Կ. Պետրոսյանը, Ա. Ավետիքյանը եւ Դ. Ավետիքյանը տեղյակ են եղել, որ Կ. Մեհրաբյանը պարտավորվել է գումարի դիմաց տեղեկություններ հայթայթել եւ տրամադրել Ադրբեջանի հետախուզական ծառայություններին, սակայն այդ մասին չեն հայտնել իրավապահ մարմիններին:Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ. Մեհրաբյանին, Ռ. Մաթեւոսյանին առաջադրվել է մեղադրանք` ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, Ա. Չտրկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38- 299-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական դավաճանություն):Կ. Պետրոսյանին, Ա. Ավետիքյանին եւ Դ. Ավետիքյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցագործության մասին չհայտնելը):2011թ. նոյեմբերի 15-ին քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
ԱԱԾ-ն երեք անձի պետական դավաճանության մեղադրանք է առաջադրել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ