ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացող տարում կյանքի կկոչվեն գյուղատնտեսական մի շարք նախաձեռնություններ` «Կայուն եւ ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA) ծրագրի շրջանակում:

 

Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (SDC) կողմից: Այն իրականացնում են DAI Global UK (DAI) միջազգային ընկերությունը եւ իր հայաստանյան մասնաճյուղը՝ AMPERA խորհրդատվական ընկերության հետ համատեղ:

SIGMA-ի նպատակն է նվազեցնել աղքատությունն ու անհավասարությունը Հայաստանի լեռնային բնակավայրերում՝ կիրառելով ներառական, նորարարական եւ շրջակա միջավայրը չվնասող մոտեցումներ: Ծրագիրը համագործակցում է մասնավոր ընկերությունների հետ եւ համատեղ ներդրումների միջոցով նպաստում է Հայաստանում գյուղատնտեսության եւ գյուղական  զբոսաշրջության զարգացմանը:

Ծրագրի շրջանակում Սպիտակ համայնքում ներդրվել է անձրեւացման ինքնաշխատ ոռոգման համակարգ: Այն հնարավորություն է տալիս կրճատելու ոռոգման ժամանակն ու ջրի կորուստը, նվազեցնելու ջրի մակերեսային հոսքի եւ էրոզիայի հավանականությունը, ինչպես նաեւ բարձրացնելու բույսերի մշակության տնտեսական արդյունավետությունը: Ծրագրի շրջանակում նույնատիպ ոռոգման համակարգ ներդրվել է նաեւ Վարդենիս համայնքում:

Ակտիվ աշխատանքներ են տարվում նաեւ Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրում մեղվաբուծության գիտաարտադրական կրթական կենտրոնի ստեղծման ուղղությամբ:  Կենտրոնը տրամադրելու է մեղվաբուծական արտադրանքի որակի ապահովման եւ վերամշակման, մարքեթինգային, ինչպես նաեւ մեղվաբույծների վերապատրաստման ծառայություններ: Լոռու մարզի մեկ այլ բնակավայրում՝ Գյուլագարակում, իրականացվող ծրագրի արդյունքում ս.թ. աշնանից սկսած՝ գյուղացիական տնտեսությունները հնարավորություն կունենան օգտվել ագրոմեխանիզացիայի համապարփակ ծառայություններից: Վերջիններս ներառելու են հացահատիկային մշակաբույսերի եւ կարտոֆիլի մշակության բոլոր միջոցառումները:

Հացահատիկային եւ հատիկաընդեղենային մշակաբույսերի սերմերի մաքրման եւ ախտահանման կենտրոնը Վարդենիս համայնքում պատրաստ կլինի շահագործման սեպտեմբերին: Այն հնարավորություն կտա էապես բարելավել օգտագործվող սերմերի որակը եւ բարձրացնել մշակաբույսերի բերքատվությունը։ Աշնանը Գեղարքունիքում կգործարկվի նաեւ մրգերի երկարատեւ պահեստավորման սառնարանային տնտեսությունը, որը հնարավորություն կտա Վարդենիկի եւ հարակից 20 բնակավայրերի ֆերմերներին պահեստավորել կամ վաճառել իրենց գյուղատնտեսական արտադրանքը:

Այս տարվա մարտին մեկնարկած SIGMA ծրագիրը միտված է ապահովելու ավելի մեծ եկամուտ եւ ստեղծելու աշխատատեղեր Շիրակի, Լոռու, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերի լեռնային գյուղական բնակավայրերի ֆերմերների եւ փոքր գյուղացիական տնտեսությունների համար: Ծրագրի տեւողությունն է տասը տարի: Առաջին փուլի շրջանակում՝ 2024-2026 թթ.-ին, նախատեսվում է իրականացնել 21 համատեղ ներդրումային ծրագիր, 15-ը` գյուղատնտեսության, 6-ը` գյուղական զբոսաշրջության ոլորտներում:

 

 

 

ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ՔԻՉ ՄԱՐԴ Է ԱՊՐՈՒՄ ՔԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ Հայաստանում մշտական բնակչության թվաքանակը 2024-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2,99 մլն մարդ, որը 2023-ի հունվարի 1-ի դրությամբ արձանագրված ցուցանիշից ավելի է 53 հազարով:

ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ սկսած 2023 թ.-ից՝ բնակչության թվաքանակի ընթացիկ հաշվառումն իրականացվում է ըստ ՀՀ 2022 թ. մարդահամարի արդյունքների, եւ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 2022թ. ցուցանիշը եւս վերահաշվարկվել է այդ հիմքով: 2023 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է՝ 2 937.5 հազ.մարդ, իսկ 2024 թ. հունվարի 1-ի դրությամբ՝ 2 990.9 հազ. մարդ։

Հարկ է նշել, որ ժողովրդագրական տվյալներում 2024-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի մեջ ներառված են նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները։

Նշված տվյալներից հասկանում ենք, որ աճել է թե՛ քաղաքային, թե՛ գյուղական բնակչությունը, սակայն Հայաստանի գյուղերում գրեթե երկու անգամ քիչ մարդ է ապրում, քան քաղաքներում:

 

 

ԻՆՉ ԱՐԺԵ ՀԱՆԳԻՍՏԸ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ

Ամառային շոգ օրերը դեռ շարունակվում են, ինչը նշանակում է, որ դեռ կա ժամանակ վայելելու Հայաստանի բնությունը իր շքեղությամբ։ ArmLur.am-ը հետաքրքրվել է՝ ի՞նչ արժե հանգիստը Եղեգնաձորում։

Այսպիսով՝ «Լուսիտու» հյուրանոցում մեկտեղանի սենյակների արժեքը 11,000 դրամ է, երկտեղանին՝ 18,000, երեքտեղանի լյուքս սենյակների արժեքը 20,000 դրամ է, ընտանեկան քոթեջների արժեքը՝ 36,000 դրամ։

Հյուրանոցում կա մարզասրահ, ֆիթնես սրահ, բիլիարդ, թենիս, վոլեյբոլի եւ բասկետբոլի դաշտեր, տարածքում հեծանիվներից օգտվելու հնարավորություն, առաջին բժշկական օգնություն, Wi-Fi տարածքում եւ ինտերնետ ընդունարանում, աստղադիտակ, ավտոկայանատեղի:

Վճարովի է ձկնորսությունը, սաունան, լողավազանը, մշակութային միջոցառումները, շրջագայությունները՝ ամենագնացներով, գիդի ծառայությունը, կոնֆերանսների եւ սեմինարների կազմակերպումը եւ այլն: Այստեղ ճաշի արժեքը 3500 դրամ է, իսկ ընթրիքը՝ 2800 դրամ։

«Արփա» հյուրանոցում կա ավտոկայանատեղի, այգի,Wi-Fi ինտերնետ։ Այստեղ մեկտեղանի սենյակների արժեքը 17,000 դրամ է, երկտեղանին՝ 26,000 դրամ, լյուքս համարների արժեքը՝ 29,000 դրամ։

«Հասմիկ»գեսթ հաուս։ Այս հյուրատունն առաջարկում է սենյակներ՝ առանձին լոգասենյակներով, կան նաեւ 3 սենյակներ՝ ընդհանուր լոգասենյակով: Հյուրերի տրամադրության տակ կան խոհանոցը, այգին, որտեղ կարելի է խորոված պատրաստել: Տարածքում կա անվճար Wi-Fi եւ ավտոկայանատեղի: Այստեղ մեկ օրվա արժեքը՝ 7000 դրամ է։

 

 

 

ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ

Կառավարությունը  հուլիսի 22-ից դադարեցրել է սահմանամերձ բնակավայրերում պետական աջակցությամբ վարկավորմամբ բնակելի տների կառուցման ծրագրի հայտերի ընդունումը։ Այդ մասին մեր լրագրողին հայտնեցին ծրագրի մասնակից բանկից։ Բանկից հայտնեցին՝ հավանական է, որ օգոստոսից վերսկսվի ծրագիրը, սակայն նոր պայմաններով։ Նիկոլ Փաշինյանը, որպեսզի Ադրբեջանին անօրինական հանձնված 4 գյուղերի եւ Կիրանցի տարածքների համար սահմանագոտու բնակիչների զայրույթը մեղմի, հայտարարեց, որ բարձրացվում է բնակելի տների կառուցման համար պետության կողմից սուբսիդավորվող առավելագույն գումարի չափը` 16 միլիոնից դառնալով 21 միլիոն դրամ։ Դա վերաբերում է միայն  Կիրանց, Բաղանիս, Ոսկեպար եւ Բերքաբեր գյուղերի բնակիչներին։ Բնակարանի կարիք ունեցող սահմանագոտու բնակիչները դժգոհում են, որ նշված ծրագրին մասնակցելու համար իրենք պետք է ունենային կառուցվող տան նախագիծ, այլ փաստաթղթեր, սակայն դրա գումարը չունեին եւ չկարողացան մասնակցել ծրագրին։ Իրականում ծրագրի վաղաժամկետ դադարեցման պատճառը պետական բյուջեում ահռելի դեֆիցիտն է, որի հետեւանքով սահմանագոտու բնակելի տների կառուցապատման ծրագրի պայմանները փոփոխում են, որպեսզի դրանց հնարավորինս քիչ թվով ընտանիքներ մասնակցեն։ ՀՀ  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել է, որ  սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առկա մեծ դիմելիության պատճառով ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել է։ Ըստ ուսումնասիրությունների արդյունքների՝ կկայացվի որոշում՝ լավարկումներով, փոփոխություններով կամ նույն պայմաններով ծրագրի շարունակականության ապահովման վերաբերյալ։

 

ԺԱՅՌԵՐ՝ ԲԵԶՈՅԱՆԻ ԿԱՌՈՒՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Սահմանազատման անվան տակ Կիրանց գյուղի տարածքները եւ միջպետական ավտոճանապարհի Կիրանցի կամուրջը Ադրբեջանին հանձնելուց հետո` միջպետական ավտոճանապարհն այժմ ձգվում է Կիրանցի հարակից Աճարկուտ գյուղով` շրջանցելով Կիրանցը։ Այդ կերպ միջպետական ավտոճանապարհը մոտ 2 կմ երկարացել է։ Աճարկուտով ձգվող նոր ճանապարհը կառուցում է Լինսի հիմնադրամի ճանապարհաշինության ծրագրերի ղեկավար, «Ճանապարհ» ընկերության ղեկավար Էդվարդ Բեզոյանը։ Նրա կառուցած ճանապարհի ոլորաններում ճանապարհի եզրի ժայռերը խաթարում են վարորդների տեսադաշտը, խոշոր բեռնատարների հանդիպակաց երթեւեկի դեպքում դրանց բախման վտանգ է առաջանում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս