ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 10-ին եւ 11-ին «Հաղթանակ» զբոսայգում սպասվում է ամենահայկական  իրադարձությունը՝ «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ մշակութային-զբոսաշրջային փառատոնը, որը կազմակերպվում է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ:

 

Տարազի մեծ տոնակատարություն, որին կարող են մասնակցել մայրաքաղաքի բնակիչները, երեխաները, Երեւան այցելած զբոսաշրջիկներն ու հյուրերը։

Փառատոնի նպատակն է մասսայականացնել եւ հասարակության լայն շերտերին ներկայացնել ազգային հարուստ մշակույթն ու ավանդույթները, ինչպես նաեւ Հայաստան այցելող զբոսաշրջիկներին ծանոթացնել հազարամյակների պատմություն ունեցող հայկական արժեքներին։

Հայաստանի թանգարանների, արհեստագործ վարպետների, հայկական արտադրանքը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների եւ Հանրապետության փոքր համայնքների մշակութային արժեքների եւ ավանդույթների, ազգային խաղերի, պարերի եւ երաժշտության, ուսուցողակրթական ժամանցային ծրագրերի, ազգային հագուստի ցուցադրությամբ՝ ժամանակակից ներկայացմամբ տեղի կունենա «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ մշակութային-զբոսաշրջային փառատոնը։

«ՏԱՐԱԶֆեստ» փառատոնի նպատակը հայկական մշակույթի եւ մասնավորապես հայկական տարազի ժողովրդականացումն է ինչպես հայ հասարակության, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում. ներկայացնել ազգային հագուստը, մշակույթն ու ավանդույթները, ընձեռել ազգային արժեքներին ծանոթանալու հնարավորություն:

«Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը կարեւոր խթան է հանդիսանում մշակութային զբոսաշրջության զարգացման համար։ Մեր բազմադարյա պատմությունը, ազգային ավանդույթները, ինքնատիպ արհեստն ու արվեստը Հայաստան այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկի ուշադրության կենտրոնում են։ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն աջակցում է ազգային արժեքների պահպանմանը Հայաստանի եւ հայ ժողովրդի համաշխարհային ճանաչելիության, հեղինակության եւ հարգանքի ամրապնդմանն ու շարունակական բարձրացմանը։ Այս համատեքստում կարող ենք նշել, որ «ՏԱՐԱԶֆեստն» իր ձեւաչափով յուրահատուկ մշակութային փառատոն է, որն ավելի հագեցած է դարձնում Հայաստանի զբոսաշրջային երթուղին»,-ասում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Սուսաննա Հակոբյանը:

«ՏԱՐԱԶֆեստ»-ը շատ զբոսաշրջիկների է գրավում դեպի մայրաքաղաք՝ հնարավորինս նպաստելով Երեւանի միջոցառումային զբոսաշրջության զարգացմանը, որի շրջանակում ներկայացվում է Հայաստանի բազմաշերտ եւ հարուստ մշակութային ժառանգությունը: Այս փառատոնը մեծ հետաքրքրություն է առաջացնում թե՛ դիզայներների եւ արհեստագործների ոլորտում, թե՛ զբոսաշրջության: Սա հիանալի հարթակ է լայն հասարակությանը ներկայացնելու ժամանակակից ժողվարպետներին, նրանց աշխատանքները, թանգարանների եւ դիզայներների հավաքածուները:

Կարեւորում ենք փառատոնի շրջանակում մասնակից այլ ազգերի մշակութային համայնքների, ինչպես նաեւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կազմակերպությունների մասնակցությունը, քանի որ Հայաստանում կողք կողքի համերաշխ ապրում ու ստեղծագործում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ», – ասել է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Լիլիթ Մելիքյանը:

 

 

 

ՏՈՆԱՎԱՃԱՌ՝ ՓԱՌԱՏՈՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների հետ Գյումրու Աբովյան փողոցում մասնակցել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի շրջանակում անցկացվող տեղական արտադրանքի տոնավաճառին, որը կայացել է հուլիսի 27-ին։

 

Մուշեղ Մուրադյանը շրջել է մարզի համայնքները ներկայացնող տաղավարներում, ողջունել արտադրողներին եւ վստահեցրել, որ նման միջոցառումների կազմակերպումը տոնական միջավայրից բացի Շիրակի մարզ է բերել նաեւ տնտեսական մեծ ակտիվություն, ֆինանսական զգալի հոսքեր:

«Կառավարությունը մեծածավալ միջոցառումները մայրաքաղաքից ապակենտրոնացնում է մարզեր, մարզկենտրոններից էլ՝ հեռավոր համայնքներ: Անվճար տրանսպորտային միջոցներ են տրամադրվել, որպեսզի փառատոնի շրջանակներում ցանկացողներն այցելեն Մարմաշենի վանական համալիր, Հառիճավանք, Երերույքի տաճար եւ այլ պատմամշակութային վայրեր։ Մենք լիազրորությունների սահմաններում փորձում ենք անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի կարողանանք ոչ միայն պատշաճ ներկայանալ, այլեւ մարդկանց այսքան մեծ հոսքն ընդունել։ Նման միջոցառումներին պատրաստվելն ու պատվով հաղթահարելը դարձել է աշխատանքային օրվա բնականոն գործընթաց:

Նախորդ տարի նույն ոգեւորությամբ Համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը Շիրակի մարզը հյուրընկալեց աշխարհի 42 երկրի 181 քաղաքից ժամանած հյուրերի եւ պատվով ճանապարհեց»,- նշել է Շիրակի մարզպետը:

Փառատոնի շրջանակում վաղ առավոտից բաց են մարզում գործող բոլոր մշակութային հաստատությունները, զվարճանքի վայրերը։

Հուլիսի 27-ին Գյումրու հրապարակում կայացել է Թաթա Սիմոնյանի մեծ մենահամերգը: Թաթան համերգը սկսել է «Ամենալավը դու ես» երգով, այնուհետեւ կատարել իր մյուս հիթերը: Երգչի ցանկացած կատարում ուղեկցվում էր ոգեւորությամբ:

«Ֆեստիվառի» հաջորդ կանգառն Իջեւանն է՝ օգոստոսի 10-ին, իսկ օգոստոսի 24-ին Եղեգնաձորում ելույթ կունենա «Լադանիվա» խումբը: Փառատոնը կազմակերպում է Հանրային հեռուստաընկերությունը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համատեղ:

 

 

 

ԹԵՆԻՍԻՍՏՈՒՀԻՆ՝ ԱՌԱՋԻՆ ԵԶՐԱՓԱԿՉԻ ՄԱՍԻՆ

Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը, կարիերայում առաջին անգամ WTA-ի մրցաշարի եզրափակիչում հանդես գալուց հետո, գրառում է կատարել սոցցանցերում:

«WTA-ի մրցաշարերում առաջին եզրափակիչս հավերժ կմնա իմ սրտում: Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցեցին եւ օգնեցին ինձ այս նվաճմանը հասնելու ճանապարհին: Ես կշարունակեմ քրտնաջան աշխատել եւ դառնալ ավելի ուժեղ»,- գրել է 21-ամյա թենիսիստուհին:

Ավանեսյանը Ռումինիայի Յասի քաղաքում կայացած WTA-250 շարքի մրցաշարում չորս հաղթանակից հետո հասել էր եզրափակիչ, որտեղ երրորդ սեթում վնասվածքի պատճառով անավարտ էր թողել 17-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեեւայի դեմ մրցախաղը եւ պարտվել 7-5, 5-7, 0-4 հաշվով:

Հիշեցնենք, որ Էլինա Ավանեսյանը շուտով կփոխի մարզական քաղաքացիությունը եւ կներկայացնի Հայաստանը:

 

 

 

ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ՏԻՏՂՈՍ

Մանչեսթերում կայացած UFC 304 մրցաշարի գլխավոր մենամարտում կիսամիջին քաշային կարգի չեմպիոնական գոտու համար պայքար են մղել գործող չեմպիոն Լեոն Էդվարդսն ու Բելալ Մուհամադը։

ԱՄՆ-ն ներկայացնող 36-ամյա պաղեստինցին 5 ռաունդանոց մենամարտում հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ եւ նվաճել գոտին:

Սա 32-ամյա անգլիացու համար չորրորդ պարտությունն էր օկտագոնում, նա ունի 22 հաղթանակ: Մուհամադն օկտագոնում անցկացրել է 27 մենամարտ, տարել՝ 24 հաղթանակ եւ պարտվել՝ 3 անգամ:

 

 

 

ՀԱՅ ԲԱՍԿԵՏԲՈԼԻՍՏԸ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՆԳՅԱԿՈՒՄ

Բասկետբոլի Մ18 տարեկանների տղամարդկանց Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի լավագույն խաղացողների հնգյակում է ընդգրկվել Հայաստանի հավաքականի խաղացող Սեբաստիան Հացակորզյանը։ Այս մասին հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Սեբաստիան Հացակորզյանը եւ Հայկ Կարախանյանը Ալբանիայի դեմ առաջնության երրորդ տեղի խաղում եղել են մեր հավաքականի ամենաարդյունավետ խաղացողները։

Նշենք, որ Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում երրորդ տեղի համար պայքարում 53:79 հաշվով պարտվեց Ալբանիայի հավաքականին:

 




Լրահոս