Հրանուշ Հակոբյանը մարզպետներին մանրամասներ է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման հինգերորդ հրատապ ծրագրի իրականացման հետ կապված հարցեր:

ՀՀ կառավարության մարտի 19-ի նիստում ընդունված որոշմամբ շուրջ 10 մլրդ դրամ է հատկացվել մարզերին` համայնքներում  հրատապ խնդիրների լուծման նպատակով:  Այս ծրագրով եւս, ինչպես նախորդ չորս հրատապ ծրագրերով,  հիմնականում  կիրականացվեն դպրոցաշինության,  ճանապարհաշինության, բնակարանաշինության, ջրամատակարարման եւ համայնքներում հրատապ նշանակություն ունեցող այլ  աշխատանքներ:

Ա. Գեւորգյանը մարզպետներին առաջարկեց սկսել նախապատրաստական աշխատանքների  իրականացումը` նախատեսված ծրագրերը  ժամանակին կատարելու եւ ավարտելու համար: Փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց նաեւ ՀՀ կառավարության մարտի 27-ի նիստում  ընդունված որոշումների մասին,  որոնք վերաբերում են   փոխադրամիջոցների գույքահարկին:  Ընդունված որոշումներով սահմանվել են փոխադրամիջոցների համար գույքահարկի  պարտավորություն չունենալու վերաբերյալ առցանց ռեժիմով  տեղեկանքի տրամադրման ձեւը եւ ժամկետը:

Նա հույս հայտնեց, որ որոշումների կիրառումը հնարավորինս կնվազեցնի փոխադրամիջոցների գույքահարկի գծով հավաքվելիք գումարների կորուստը, ինչպես նաեւ կկանոնակարգի գումարների պլանավորման եւ հավաքման գործընթացը: Խորհրդակցության ընթացքում տեղեկություններ ներկայացվեցին գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերի, մասնավորապես, հողօգտագործողներին  մատչելի գնով պարարտանյութի, դիզվառելիքի եւ սերմացուի բաշխման ընթացքի մասին:

Փոխվարչապետն առաջարկեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցաբար աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի հատկապես դիզվառելիքի եւ պարարտանյութի  բաշխումն իրականացվի ժամանակին եւ առաջնահերթ կերպով  այն մարզերում, որտեղ գյուղատնտեսական աշխատանքներն ավելի վաղ են մեկնարկում : Անդրադարձ եղավ նաեւ հակակարկտային միջոցառումների իրականացման ընթացքին:

Նշվեց, որ Արմավիրի  մարզում արդեն 50 կայանք  տեղադրվել է, առաջիկայում նոր կայանքներ կտեղադրվեն նաեւ Արագածոտնի, Արարատի, Լոռիի մարզերում: Փոխվարչապետը մարզպետների ուշադրությունը հրավիրեց նաեւ առաջիկա օրերին եղանակային կտրուկ փոփոխությունների հետեւանքով հնարավոր ցրտահարությունների խնդրին  եւ առաջարկեց համապատասխան աջակցություն ցուցաբերել ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող խորհրդատվական աշխատանքներին: Խորհրդակցության ընթացքում  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ քննարկվեցին համահայկական  որոշ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նախարարը  մարզպետներին  մանրամասներ  ներկայացրեց  «Արի տուն» ծրագրի եւ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի վերաբերյալ` նշելով, որ  այս տարի եւս ակնկալվում է  մարզերի աջակցությունը ծրագրերի իրականացմանը, ինչպես նաեւ մարզային  խմբերի մասնակցությունը «Իմ Հայաստան» փառատոնին: Քննարկվեցին նաեւ սիրիահայերի  աջակցության հետ կապված հարցեր: Խորհրդակցությանն անդրադարձ եղավ նաեւ մայիսյան տոների կապակցությամբ մարզերում իրականացվելիք միջոցառումների նախապատրաստման եւ կազմակերպման հարցերին:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին 




Լրահոս