ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորող, ոստիկանության կրտսեր սերժանտ Գ. Գ.-ի կողմից ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գ. Գ.-ն քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և իրեն պատկանող վագոն-տնակում ապօրինի պահել է ինքնաշեն եղանակով պատրաստված, ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակ, որը 2014 հունվարի 12-ին հայտնաբերվել էր ոստիկանության ծառայողների կողմից: Գ.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Քրեական գործով տեղեկություններ ձեռք չեն բերվել ատրճանակը պատրաստողի, պահողի և Գ. Գ.-ին իրացնողի` ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատող կամ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ հանդիսանալու մասին, ուստի քրեական գործից անջատվել է անհայտ անձի կողմից ատրճանակ պատրաստելու, պահելու և իրացնելու վերաբերյալ քրեական գործի մասը և ուղարկվել ըստ քննչական ենթակայության` նախաքննությունը շարունակելու համար:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն