Տապալումների մասին հպարտությամբ խոսելը և դրանք որպես ձեռքբերում ներկայացնելն էլ առանձնահատուկ տաղանդ է պահանջում, ինչպես նաև՝ սեփական խոսքի տերը չլինելու արվեստը։
Դա նույնպես շախմատային քաղաքականության մեջ է մտնում, որի մեծ վարպետն է Սերժ Սարգսյանը։ Բայց Սերժ Սարգսյանի շախմատը մի առանձնահատկություն ունի ՝ ՀՀԿ նախագահը հաղթում է միայն սեփական հարկի տակ, իսկ դրսի խաղերում միշտ պարտված է դուրս գալիս։
Այսօր էներգետիկայի նախարարությունում Սերժ Սարգսյանը հաջողությամբ կարողացավ իր հերթական խայտառակ տապալումը ներկայացնել որպես հաղթանակ։ Ռուսաստանի հետ գազի խայտառակ ու նվաստացուցիչ պայմանագրից և անհասկանալի կերպով կուտակված 300 մլն. պարտքի ի հայտ գալուց հետո ՀՀԿ ղեկավարը խոսեց ոչ ավել ոչ պակաս՝ գազի մասին։
«Եվ այսօր արդեն, փառք Աստծո, գոնե որևէ մեկը չի խոսում գազի գնի մասին, որը ամրագրված է «Գազպրոմի» հետ պայմանագրում»,- կրկին բոլորի անունից կարծիք է հայտնում երկրի դե ֆակտո նախագահը՝ հերթական անգամ բառացի հասկացնելով, որ այս երկրում բոլորի փոխարեն որոշողն ինքն է, նույնիսկ ինքն է որոշում՝ թե ով ինչի մասին է խոսում։
Այս ամենին գումարում ենք մի փոքր դերասանական ունակություններ, օրինակ՝ անմեղսունակ ձևանալու շնորհ։
Տեսնենք, թե ինչ է ասում Սերժ Սարգսյանը. «Մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչպես է ստացվում, որ մենք ստանում ենք ամենէժան գազը սահմանի վրա, բայց սահմանից մինչև իրենց բնակարան բավականաչափ թանկանում է…Մենք պետք է մարդկանց բացատրենք, թե այդ գումարները որտեղից են առաջանում»։
Դե իհարկե, կբացատրեն, ինչպես «բացատրեցին» 300 մլն պարտքի կուտակման պատճառները։ Սա էլ, փաստորեն, Սերժ Սարգսյանի շախմատային քաղաքականության բաղկացուցիչ մասերից է՝ մարդկանց կերակրել ընդամենը ինֆորմացիա տալու մասին խոստումներով, իսկ բուն ինֆորմացիան պահել միայն իր և իր թիմակիցների համար։ Անշուշտ, Սերժ Սարգսյանը դժվար թե չիմանա, թե ինչպես է կուտակվել 300 մլն-ը, կամ ինչու է գազը սահմանից մինչև սպառողի բնակարան հասնում այլ գնով։
Չի կարող չիմանալ, որովհետև գազի հետ կապված լրացուցիչ այդ «ծախսերը» սահմանվում են այն ընկերության կողմից, որի վերջին 20% բաժնեմասը Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը «նվիրաբերեց» «մեծ եղբորը»։
Սերժ Սարգսյանի այսօրվա խոսքից կարելի է եզրակացնել, որ նա շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած՝ «ինչքան ուզենք, էդքան կխփենք» սկզբունքին, ինչից ելնելով գազի հարցում նույնպես իշխանական «մութ» գործարքները կմնան չբացահայտված։
Կարեն Վարդանյան