Ինչ է կատարվում շտապօգնության պետի շուրջ․ թյուրիմացություն թե՞ դիտավորություն․ փաստաբանը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը փաստաբան Արմեն Անդրիկյանի հետ զրուցել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» նորանշանակ տնօրեն Սահակ Հակոբյանին մեղադրանք առաջադրելու եւ կաշառքի դիմաց զինվորին բանակից ազատելու քրեական վարույթի մասին:

ArmLur.am-ի հետ զրույցում Արմեն Անդրիկյանը հայտնեց, որ Սահակ Հակոբյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը.

«Մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական Օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու հատկանիշով: Գումարի չափը չեմ կարող ասել՝ նախաքննական գաղտնիք է: Մեղադրանք առաջադրելուց հետո միջնորդություն է ներկայացվել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, սակայն դատարանը Սահակ Հակոբյանին առաջադրված մեղադրանքում իրեն մեղսագրվող արարքի բացակայության հիմքով՝ այսինքն հիմնավոր կասկածի հիմքով միջնորդությունը մերժել է»:

Հարցին, թե ինչ է մտածում Սահակ Հակոբյանն իրավապահների կողմից իրեն ամեն գնով կալանքի տանելու գործընթացին, Արմեն Անդրիկյանն ասաց, թե կատարվածը կմեկնաբանի որպես թյուրիմացություն, ինչպես նաեւ իրավապահ մարմինների ոչ ճիշտ աշխատանքի արդյունք:

Հանրապետական շտապօգնության ծառայության» նորանշանակ տնօրեն Սահակ Հակոբյանը վերադարձել է իր աշխատանքին։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Հանրապետական շտապօգնության ծառայության» նորանշանակ տնօրեն Սահակ Հակոբյանին եւ եւս մի քանի անձի Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ կաշառքի գործով են վերջինիս ձերբակալել եւ անգամ միջնորդություն է ներկայացվել դատարան նրան կալանավորելու մասով:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենին մեղադրանք է ներկայացվել զորակոչիկին բժշկական կեղծ ախտորոշման հիմքով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Բացի տնօրենից, նույն վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի ևս երեք անձ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Քնար Մանուկյան




Լրահոս