Եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից՝ ոչ միայն Մերձավոր Արևելքը, այլև Հարավային Կովկասը կներքաշվեն շատ սարսափելի պատերազմի մեջ․ քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին 2 օրվա ընթացքում Մերձավոր Արևելքում գործողություններ են սկսվել և ընթանում, որից շատերը հետևություններ են անում, որ այդ ամենն իրենից մեծ անվտանգայնություն է ներկայացնում և կարող է ազդել մեր իսկ տարածաշրջանի վրա։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ Իսրայելի գործող վարչապետ Մեթանյահոյի ցանկությունն այն է, որ մեծ և արյունալի պատերազմ հրահրի՝ Իրանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ, սակայն մեծ լավատեսություն ունի, որ Մեթանյահոյի այդ ցանկությունն իրականություն չի դառնա։

«Անցած տարվա հոկտեմբերի 7-ից սկսած, երբ տեղի ունեցավ սկզբում Համասի հարձակումը Իսրայելի վրա, հետո Գազայի հատվածում արյունոտ պատերազմը՝ Իսրայելի իրականացրած, ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ Իսրայելի գործող վարչապետ Մեթանյահոյի ցանկությունն այն է, որ մեծ պատերազմ հրահրի Իրանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ, սակայն ես կարծում եմ, մի փոքր լավատեսություն ունեմ, որ Մեթանյահոյի այդ ցանկությունն իրականություն չի դառնա, որովհետև նախ Իրանի իսլամական հանրապետությունում հասկանում են դա, և հույս ունեմ՝ զգուշավորություն կցուցաբերեն, իսկ երկրորդն՝ ԱՄՆ-ի իսթաբլիշմենթում (գերիշխող սոցիալական խումբը, վերնախավը, որը վերահսկում է քաղաքականությունը, կազմակերպությունը կամ հաստատությունը) շատ մեծ դիմադրություն կա Մեթանյահոյի այդ մտադրության հետ կապված»,- ասաց քաղաքագետը։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ այս լարվածությունը շարունակվելու է, և մեծ վտանգ կա, որ ինչ-որ կետից վերահսկողությունը կարող է դուրս գալ։

«Հիմա շատ ուշադիր պետք է հետևել զարգացումներին։ Հույս ունենանք, որ դիվանագիտական մեթոդներով և առաջին հերթին Թեհրանի և Վաշինգտոնի էլիտաների ողջամտության շնորհիվ հնարավոր կլինի խուսաբել մեծ պատերազմից, իսկ եթե այնուամենայնիվ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից՝ ոչ միայն Մերձավոր Արևելքը, այլև Հարավային Կովկասը կներքաշվեն շատ արյունոտ պատերազմի մեջ, որի հետևանքները շատ սարսափելի են, ուղղակի չեմ էլ ուզում կանխատեսել»,- ասաց քաղաքագետը։

Սուրենյանցն, անդրադառնալով այն հարցին՝ արդյո՞ք Իսրայելը գերտերությունների կողմից աջակցություն կստանա, ասաց․

«Իսրայելի հույսն այն է, որ պատերազմի մեջ կներքաշի Իրանին, մյուս կողմից՝ կստանա ԱՄՆ-ի աջակցությունը։ Միացյալ նահանգներում Մեթանյահոյի այս մտադրությունը, հատկապես Գազայի իրադարձություններից հետո, շատ մեծ դիմադրություն կա։ Հույս ունեմ, որ այնուամենայնիվ բանը մեծ պատերազմին չի հասնի։ Մյուս կողմից՝ ցանկացած իրադարձություն կարող է իրավիճակը դարձնել անվերահսկելի։ Առայժմ այն կարծիքին եմ, որ թե՛ Թեհրանում, թե՛ Վաշինգտոնում ողջամտությունը կհաղթի և հնարավոր կլինի խուսաբել այնպիսի մի պատերազմից, որի ֆոնին ուկրաինական պատերազմը կարող է խամրել»։

Քաղաքագետի կարծիքով՝ Իրանում շատ լավ հասկանում են, որ Իսրայելի ցանկությունն իրեն պատերազմի մեջ ներքաշելն է, և բնականաբար պետք է այնպիսի ողջամիտ ու հավասարակշիռ քաղաքականություն վարել, որպեսզի այդ սցենարն իրականություն չդառնա, սակայն 100 տոկոսանոց ոչ մի երաշխիք չկա, որ պատերազմ չի լինելու։

Աննա Սրապիոնյան




Լրահոս