Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շանտաժ է անվանել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի հայտարարությունները հանրապետության դեմ հնարավոր նոր պատժամիջոցների սահմանման մասին։ Այս մասին նա ասել է լրագրողներին՝ գնահատելով Օ’Բրայենի հայտարարությունները նոր սահմանափակումների հնարավոր սահմանման մասին։
Ինչ վերաբերում է շանտաժի լեզվով խոսելուն, ապա դա հակաարդյունավետ է…. Իհարկե, մեզ հետ շանտաժի լեզվով խոսելը ճիշտ չէ», – Կոբախիձեի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Կոբախիձեն նաև անդրադարձել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններին, որոնք լարվել են Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո։
«Ինչ վերաբերում է վրաց-ամերիկյան հարաբերություններին, ապա մենք գտնվում ենք սպասման ռեժիմում: Մենք լիովին պատրաստ ենք այն բանին, որ տեղի ունենա հարաբերությունների վերագործարկում: Դուք գիտեք, որ վերջին երեք-չորս տարիների ընթացքում շատ բան է փչացել այդ հարաբերություններում, և, համապատասխանաբար, հարաբերությունները վերագործարկման կարիք ունեն: Մենք լիովին պատրաստ ենք դրան, գլխավորն այն է, որ տեսնենք հանդիպական քայլեր: Հենց որ արվեն համապատասխան քայլեր, այդ հարաբերություններում փոփոխություններ տեղի կունենան», – Կոբախիձեի խոսքերն է մեջբերում Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը: