Հուլիսի 30-ին Երևան-Սոֆիա 4424 չվերթի հաշվառման ժամանակ, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում խուլիգանության դեպք է արձանագրվել։ Այս մասին ArmLur.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Գաբրիելյանը նշեց, որ ձերբակալված 4 անձինք կազմված փաստաթղթերով ներկայացվել են քննչական բաժին:
Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ իր բացառիկ տեղեկությունների համաձայն երեկ Երևան-Սոֆիա 4424 չվերթի հաշվառման ժամանակ օդանավում թեժ կռիվ է եղել։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նստատեղի հետ ծագած հարցի շուրջ քաղաքացիները հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ՝ խոչընդոտել են օդանավի աշխատակիցների բնականոն աշխատանքը։
Ավելին, բանը հասել է բռունցքներին և Ռ. Վ․-ն, Ն. Մ․-ն և Վ. Հ․-ն փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։
Խուլիգանության հատկանիշներով վարույթ է նախաձեռնվել, միջադեպի մասնակիցներն ազատ են արձակվել։