ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշում է՝ «ընդդիմությունը, եթե այս ընթացում արդյունավետ աշխատած լիներ, ապա հիմա կառավարության պաշտոնական կայքում Նիկոլ Փաշինյանի լուսանկարը չէր լինի»։
ԱԺ պատգամավորը վստահեցնում է՝ ընդդիմությունը նոր թեկնածուի հարց չի քննարկել, սատարելու են Բագրատ Սրբազանին։
-Պարո՛ն Մամիջանյան, շուրջ երկու տարի ընդմիջումից հետո սահմանին կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ Արարատ Միրզոյանի եւ Սերդար Քըլըչի հանդիպումը: Հանդիպումից օրեր առաջ Էրդողանը սպառնալից հայտարարություն է արել՝ ինքնախոստովանություն այն մասին, որ Թուրքիայի բանակը անմիջական մասնակցություն է ունեցել 44-օրյա պատերազմին: Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է սպասել այս հանդիպումից: Ի՞նչ է այն տալու հայ-թուրքական հարաբերությունների զարգացման ֆոնին:
-Ես կարծում եմ, որ այս հանդիպումներից ոչինչ սպասել պետք չէ: Եվ ոչ միայն այն պատճառով, որ Փաշինյանի թիմը ունակ չէ բանակցություններ վարելու, այլ նաեւ այն պատճառով, որ որեւէ շոշափելի օրակարգ չկա: Վերջին պայմանավորվածություններից՝ 3-րդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը, որը մինչեւ այսօր տեղի չի ունեցել՝ ինչպես իրենց կողմից պայմանավորված ամեն բան:
Հուլիսի 1-ին պիտի սահմանագծման եւ սահմանազատման հարցում առաջընթաց լիներ, բայց չկար:
Ինչ վերաբերում է Էրդողանի հայտարարությանը, ապա դա նոր չէ: Թուրքիայի խորհրդարանում 2020 թվականի բյուջեի կատարողականի զեկուցման ժամանակ, եթե չեմ սխալվում իրենց փոխվարչապետը, ձեռքբերումները թվարկելիս նշեց, որ Թուրքիան անմիջականորեն ներգրավված է եղել 44-օրյա պատերազմում: Ես ակնկալիքներ չունեմ, որ այս «իշխանություն» կոչվածները որեւէ կերպ կարձագանքեն վերոնշյալ հայտարարություններին: Իրենք արձագանքում են բացառապես ընդդիմադիրներին: Ադրբեջանից եւ Թուրքիայից հնչող ռազմատենչ կամ վիրավորական արտահայտություններին իրենք չեն պատասխանում:
-Հայկական կողմից արձագանք չկա, սակայն Ադրբեջանն է ծանր տարել եւ հերքել է՝ նշելով, որ որեւէ այլ երկրի բանակ չի մասնակցել 44-օրյա պատերազմին. սա կարո՞ղ է որեւէ կերպ անդրադառնալ ադրբեջանաթուրքական հարաբերությունների վրա:
-Իհարկե չի կարող: Չարժե մտնել մատի եւ մատանու արանքը. նման հայտարարությունները որեւէ լուրջ հետեւանք չեն կարող ունենալ՝ հաշվի առնելով Ադրբեջանի կախումը Թուրքիայից:
Ինչ վերաբերում է այս հանդիպմանը, ապա մոռացա նշել, որ արդեն որերորդ անգամ, վերջին վեց տարիների ընթացքում վատ ավանդույթ դարձած հանդիպման մասին հայկական կողմը ոչինչ չէր ասել, Հայաստանում որեւէ մեկը, թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական դիրքերից ոչինչ չէր ասել: Հայկական տիրույթ այդ ինֆորմացիան եկել է թուրքական լրատվական հարթակից, ապա մերձիշխանական մի լրագրող «Թվիթեր»-ում գրառում էր կատարել:
Ամեն բան շարունակվում է նույն ձեւով: Իշխանությունները թաքուն, ժողովրդի մեջքի ետեւում վարում են բանակցություններ՝ անհասկանալի օրակարգով, անհասկանալի, չհստակեցված կարմիր գծերով. որեւէ բան չի փոխվել:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԵՆ 5-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Հուլիսի 30-ին Հայաստանի եւ Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը եւ դեսպան Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Բացի այդ, նրանք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաեւ փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։
Վերջում նրանք վերստին ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որեւէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը՝ երկու երկրների միջեւ լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։
«ՀՈՒՆԻՑ ՀԱՆԵԼ Է ԲԱՔՎԻՆ». Տ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Թուրքիայի նախագահի խոստովանությունը` Արցախի դեմ պատերազմ սանձազերծելու ու Արցախ ներխուժման գործում ուղիղ մասնակցություն ունենալու վերաբերյալ, հունից հանել է Բաքվին», – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանից մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը՝ այն որակել են հիմքերից զուրկ, նշելով, որ Թուրքիան ու Պակիստանը միայն քաղաքական աջակցություն են ապահովել 44-օրյա պատերազմում:
Այստեղ նոր բան չեմ ասի, եթե նշեմ, որ ռեգիոնում ներկայացված հիմնական դերակատարների համար ի սկզբանե պարզ էր Թուրքիայի ուղիղ մասնակցությունը պատերազմական գործողություններին` ահաբեկիչների հավաքագրումից մինչեւ օպերացիաների պլանավորում, մշակում, որոշ զինատեսակների կիրառում եւ այլն:
Հիմա ո՞րն է խնդիրը, որ Բաքվից նյարդայնություն են դրսեւորում. կոտրվում է քարոզչական այն հիմնասյուններից մեկը, թե իրենց բանակը մարտունակության այն մակարդակին է եղել, որ պատերազմ է հաղթել, սա այն դեպքում, որ մի կողմից Թուրքիայի մասնակցությունն է եղել, մյուս կողմից ՀՀ իշխանության նպատակային տապալումները:
Երկրորդ, Ադրբեջանը միշտ փորձել է կեղծ թեզեր շրջանառել, որ հայկական կողմը 90-ականների պատերազմն արտաքին օժանդակությամբ է հաղթել, իսկ հիմա նրա գլխավոր դաշնակիցը թեման Բաքվին է վերադարձնում:
Մի բան շատ ակնհայտ է. 2020 թվականին պատերազմն այսպիսի խայտառակ ելք չէր ունենա, եթե ՀՀ-ում իշխանության ղեկին չլիներ այս հանձնողականների, պարտվողականների, հայրենավաճառների հավաքածուն», – գրել է նա:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԹՆՈԼՈՐՏ Է. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆ
Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարի շրջանակում հանդիպումները Հայաստանի տարբեր մարզերի բնակիչների հետ շարունակվելու են։ Առաջիկայում Սրբազան պայքարի մասնակիցները Գեղարքունիքի մարզ են այցելելու։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց պայքարն առաջնորդող Բագրատ Սրբազանը։ Ինչ վերաբերում է օրերս Վայոց ձորի մարզ կատարած այցին, ապա Սրբազանը նշեց՝ արդյունքները առավել քան տպավորիչ են, մարդիկ ոգեւորված են, սպասումները շատ մեծ են. իրենց շատ ջերմ են դիմավորել, քննարկումներն ու հանդիպումներն արդյունավետ են եղել։ Սրբազան պայքարին ողջույններ են ուղարկել նաեւ մեր մարտական դիրքերից։
«Գյուղում տուն չկար, որ չողջուներ, տուն չհրավիրեր, մարդիկ չկանգնեին, չխոսեին։ Այնպես որ, վերստին պիտի հաստատեմ՝ մեր երկրում առկա մթնոլորտը փոփոխություների մթնոլորտ է։ Եվ մեզ մնում է դրանք ճիշտ ճանապարհով հասցնել տեղ»,- ասաց Բագրատ Սրբազանը։
«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԵՐԹՈՒՂԻՆ»՝ Ի ՎՆԱՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Իրանի Իսլամական Հանրապետությունը «Զանգեզուրի երթուղին» համարում է ի վնաս Հայաստանի եւ շարունակում է տեր կանգնել այս դիրքորոշմանը։ Այս մասին, ինչպես գրում է Mehr գործակալությունը, ասել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
«Մենք խորապես հավատում ենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Երկու երկրների միջեւ համագործակցությունը կշարունակվի շահերի հիման վրա եւ անկախ այլ մարդկանց քաղաքականությունից։ Օտարերկրացիները չպետք է սահմանափակումներ ստեղծեն երկրների՝ հարեւանների հետ հարաբերությունների համար»,- ասել է նա:
Փաշինյանն իր հերթին ասել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում ոչ մի անդրտարածաշրջանային երթուղի իր տարածքում:
ՊԵՏԱԿԱՆ ԱՏԼԱՍ
Հայաստանի Հանրապետության նոր Պետական ատլասի տեխնիկական առաջադրանքի կազմման եւ մշակման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի, որոշումը ստորագրել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Աշխատանքային խմբի համակարգողը կլինի ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը: Նա եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացնի տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների իրականացման ընթացքի մասին: Խմբի կազմում կլինեն նաեւ ԱԱԾ աշխատողներ, ներկայացուցիչ ՊՆ-ից, այլ նախարարություններից ու պետական կառույցներից: Կազմում է նաեւ ԵՊՀ ռեկտորը: