«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը չի ներկայացրել պարզաբանում իր հայտարարագրում առկա անհամապատասխանությունների վերաբերյալ։
«Ժողովուրդ» օրաթերթը 2024 թվականի փետրվարին հրապարակել էր «Նուարդ Վարդանյանի հայտարարագրում կեղծի՞ք կա» վերտառությամբ հոդված։
Հոդվածում, մասնավորապես, ասվում է. «Ուսումնասիրելով պաշտոնատար անձանց հայտարարագրերը՝ հաճախ ենք առնչվում անճշտությունների, կոռուպցիոն ռիսկեր պարունակող տվյալների, ինչպիսիք են, օրինակ, միլիոնավոր կանխիկ դրամական միջոցները, որոնց աղբյուրները նշված չեն, մեկ օրում մի քանի տուն գնելու փաստերը եւ այլն: Այս անգամ թիրախում է Երեւանի ավագանու իշխող խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը, որը Ford մակնիշի ավտոմեքենայի առուվաճառքի մեջ է: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Վարդանյանի հայտարարագրերը առաջացնում են հարցեր, բայց ոչ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի շրջանում։ Այսպես, Վարդանյանը 2021թ. հայտարարագրում նշում է, որ 2022 թվականին ձեռք է բերել 2018 թվականի արտադրության Ford մակնիշի մեքենա, ինչը գուշակության ոլորտից է։ Նույն 2021թ. հայտարարագրի համաձայն՝ Վարդանյանը Տիգրան Ավինյանի եղբայր Դավիթ Ավինյանից ձեռք է բերել եւս մեկ Ford՝ 2018 թվականի արտադրության, եւ տարվա վերջի դրությամբ հայտարարագրել է 2 Ford մակնիշի մեքենա։ 2022թ. սկզբում ոչ միայն «անհետանում է» Ford-երից մեկը, այլեւ վաճառքից առաջ փոխվում է մյուս Ford-ի տարեթիվը` 2018 թվականի արտադրությունը դառնում է մեկ տարով նոր` 2019 թվականի արտադրության։
Հետաքրքիր զուգադիպությամբ ՔՊ-ականների գրեթե բոլոր ձեռքբերումները (բնակարան, ավտոմեքենա, հագուստ, այլ) արձանագրվել են 2018թ. իշխանափոխությունից հետո։ Ստացվում է, որ Նուարդ Վարդանյանը իրեն պատկանող Ford մակնիշի մեքենան, որը ձեռք է բերել 2018 թվականին 4 մլն դրամով (գրեթե 10 հազար ԱՄՆ դոլար), 2022 թվականին վաճառել է 13 հազար ԱՄՆ դոլարով որպես 2019 թվականի արտադրության մեքենա։ Ըստ հայտարարագրի՝ Վարդանյանը 3 հազար ԱՄՆ դոլարի օգուտ է ստացել եւ փոխել մեքենայի արտադրման տարեթիվը: «Ժողովուրդ» օրաթերթը կապվեց ՔՊ խմբակցության ավագանու անդամ Նուարդ Վարդանյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչպես է դա ստացվել։
«Ընդհանրապես այդ հայտարարագիրը ոտքից գլուխ՝ ամբողջովին, սխալ է։ Ես իրենց (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) նամակով էլ եմ դիմել, որ ուղղեն։ Իրենք չեն ուղղել, եւ դա իմ սխալմունքը չէ։ Խնդրում եմ՝ իրենց հետ կապվեք, որովհետեւ մի տան մասին էլ, որ ունեմ Կենտրոն վարչական շրջանում, երեք անգամ նշված է։ Դիմել եմ իրենց, ասացին՝ Ձեզ կոդ կուղարկենք, համակարգի սխալ է եղել, Դուք կուղղեք։ Այդ կոդը մինչեւ հիմա չեն ուղարկել։ Ես չեմ կարող իրենց փոխարեն պատասխանել»: Ինչպես միշտ՝ բոլորը մեղավոր են, բացի ՔՊ-ականներից:
Ստացվում է, որ Նուարդ Վարդանյանը իրեն պատկանող Ford մակնիշի մեքենան, որը ձեռք է բերել 2018 թվականին 4 մլն դրամով՝ գրեթե 10 հազար ԱՄՆ դոլար, 2022 թվականին վաճառել է 13 հազար ԱՄՆ դոլարով որպես 2019 թվականի արտադրության մեքենա։ Ըստ հայտարարագրի՝ Վարդանյանը 3 հազար ԱՄՆ դոլարի օգուտ է ստացել եւ փոխել մեքենայի արտադրման տարեթիվը:
Հրապարակման մեջ շրջանառվող տեղեկատվության հիման վրա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացրել է Նուարդ Վարդանյանի՝ 2021 եւ 2022 թվականների տարեկան հայտարարագրերում հայտարարագրված տվյալների ստուգում, ինչի արդյունքում Հանձնաժողովը որոշել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապահային ոստիկանություն» ծառայությունից եւ Պետական եկամուտների կոմիտեից հայցել տեղեկատվություններ, համապատասխանաբար, Նուարդ Վարդանյանին պատկանող տրանսպորտային միջոցների եւ վերջինիս եկամուտների վերաբերյալ, որոնց համադրության արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների վերաբերյալ Նուարդ Վարդանյանից պահանջվել է Հանձնաժողով ներկայացնել պարզաբանում։
Պարզաբանումը հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ չի ստացվել։
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՎԱՆԴԱԼԻԶՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանական վանդալիզմի քաղաքականությանն անդրադարձել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Ստորեւ ներկայացնում ենք գրառումը՝ համառոտ:
«Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանակն վանդալիզմի, ոչնչացման կամ յուրացման քաղաքականությունը շարունակվում է։ Իրենց այս «գործունեության» մեջ ադրբեջանցիները միջազգային գործընկերներ են գտել եւ, ցավալիորեն, ձեռքերն հասել է Վատիկան։
Վատիկանում լույս տեսնող L’Osservatore Romano պարբերականում, Ռոսսելա Ֆաբիանիի ստորագրությամբ օրերս լույս է տեսել «Քրիստոնեության ակունքներն Ադրբեջանում. ալբանական առաքելական եկեղեցու հետքերով» բովանդակությամբ մի հոդված, ուր հեղինակը ներկայացնում է «Կովկասյան Ալբանիա»՝ իրականում Արցախ կատարած իր այսպես կոչված ուսումնասիրական-ճանաչողական այցը։
Հղում անելով տեղացի ինչ-որ գիտաշխատողի՝ հոդվածագիրը տարածում-ամրագրում է տարածաշրջանում հայերի եկվորության վարկածը՝ արձանագրելով, որ մենք ադրբեջանական հողեր են եկել Իրանից եւ Թուրքիայից։ Մեկ այլ հաստատման համաձայն ուդիները բռնի դավանափոխ են եղել եւ առաքելական եկեղեցու հետեւորդ դարձել տեղի հայերի կողմից։
Ադրբեջան կատարած այցի ընթացքում Ռ. Ֆաբիանիին ուղեկցել է Ախունդովի աշակերտ, ալբանական մշակույթի «գիտակ» Ս. Հաջիեւան։ Եվ, բնականաբար, հեղինակն անվերապահորեն եզրահանգում է կատարում, որ 13 դ. վանական համալիրներ Դադիվանքը /հոդվածում Խուդավենք է գործածվում/ եւ Գանձասարը/ հոդվածում՝ Գենջասար/ Ադրբեջանի տարածքում գտնվող ալբանական մշակույթի եւ ալբանական եկեղեցու խոշորագույն դրսեւորումներ են։
Ինչպես տեսնում եք Արցախի հայկական հետքի վերացման ադրբեջանական քաղաքականությունը նոր որակներ եւ դրսեւորումներ է ստանում։ … Ի դեպ վերոհիշյալ հոդվածում Դադիվանքը ներկայացվում է որպես ալբանական Վատիկան։
Հիշենք, որ «L’Osservatore Romano»-ն Վատիկանի միակ, ամենօրյա պարբերականն է, որ լույս է տեսնում 1861-ից…
Թե Ադրբեջանում սա ինչպես են հիմնավորում, պարզ է. հայկական մշակույթի յուրացումը կամ ոչնչացումն Ադրբեջանում պետական քաղաքականության առաջնահերթություն է։
Իսկ Ի՞ՆՉ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն եւ ԿԳՄՍ-Ն։ Արցախի էթնիկ զտումին հաջորդող մշակութային ցեղասպանությունն էլ պիտի հանդուրժե՞ք ..
Հ.Գ. Իսկ ոչ վաղ անցյալում, Քրիստոնեության 1700 ամյակի շրջանակում Հռոմի պապ էր այցելում Հայաստան, Վատիկանում Սուրբ Նարեկացու արձան էր տեղադրվում ու Ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ մատուցվում։
Հ.Գ. 2. բայց որքանով է արդարացված «Հայ ժողովրդի պատմությունը» «Հայաստանի պատմության» մեջ զետեղած իշխանություններից ակնկալիք ունենալը…»:
ԻՍՐԱՅԵԼԻ ՔԱՅԼԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Իսրայելը Գոլանի բարձունքների վրա գտնվող Մաջդալ Շամս գյուղի վրա հարձակման պատրվակով Լիբանանի վրա հարձակման դեպքում կբախվի ամենավճռական պատասխանին։ Դրա մասին հայտարարել են Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական եւ Իսլամական Հանրապետության միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին։
«Իսրայելը պետք է իմանա, որ եթե դիմի այս ռիսկին, կբախվի կոշտ պատասխանի։ »,- շեշտել է Խարազին։
ՄԱՀԱՑԵԼ Է ԱԺ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՎՈԼՈԴՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ
Մահացել է հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վոլոդյա Բադալյանը։
Նա 76 տարեկան էր։ Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 31-ին՝ ժամը 18:00-ին Սուրբ Սարգիս (Նոր Նորքի 5-րդ զանգված) եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ նույն վայրից` օգոստոսի 1-ին՝ 12:30-ին:
ArmLur.am-ի եւ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը ցավակցում է Բադալյանի ընտանիքի անդամներին եւ հարազատներին։
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԵՄ-Ի ՀԵՏ
Հայաստանը ներկայում անցնում է Եվրամիության հետ հարաբերությունների էական խորացման գործընթաց։ Այս մասին Կիպրոսի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը եւ Խաղաղության եվրոպական գործիքի ներքո Հայաստանին աջակցություն տրամադրելու որոշումներն ավելի մեծ համագործակցության, ավելի մեծ պատկերի միայն երկու օրինակն են։ Մենք ներկայում անցնում ենք ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների էական խորացման գործընթաց, ունենք գործընկերության նոր օրակարգ, մենք մտածում եւ աշխատում ենք նոր մեխանիզմների եւ գործիքների շուրջ, որոնք կարող են օգտագործվել։ Ավելացնեմ նաեւ, որ Հայաստանի ժողովուրդը, մենք ունենք եվրոպական ձգտումներ, եւ ԵՄ-ն ճանաչում է այդ ձգտումները, ուստի հիմա մենք միասին մտածում եւ աշխատում ենք, ինչպես ասացի, նոր գործիքների, Հայաստանը ԵՄ-ին ու անդամ երկրներին եւ հակառակն ավելի մոտեցնելու նոր մեխանիզմների շուրջ։ Կցանկանայի նաեւ կրկնել այն արտահայտությունը, որը ՀՀ վարչապետն ասաց Եվրոպական խորհրդարանում իր ելույթում. «Հայաստանն իր կողմից պատրաստ է ԵՄ-ին մոտենալ այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի»,- ասել է Միրզոյանը։
Նախարարը հավելել է, որ ոչ միայն ԵՄ-ի, այլ նաեւ ԱՄՆ-ի հետ Հայաստանը համատեղ աշխատում է ծրագրի վրա, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի Հանրապետության դիմակայունության մակարդակը այս դժվարին ժամանակներում՝ նկատի ունենալով այն սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնք կան Հայաստանում եւ Հայաստանի շուրջ: