ԻՆՉՊԵՍ ԽՈՒՍԱՓԵԼ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

CrowdStrike EDR լուծման հուլիսի 19-ի ոչ կոռեկտ թարմացումն աշխարհով մեկ անդրադարձել է Windows-ով աշխատող սարքերի վրա, որոնք բոլորը նույն ժամին կորպորատիվ օգտատերերին ցույց են տվել «մահվան կապույտ էկրան» (BSOD): Խափանումն ազդել է, օրինակ, ԱՄՆ-ի, Իսպանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների եւ այլ երկրների օդանավակայանների տեղեկատվական համակարգերի վրա:

 

«Կասպերսկի» ընկերության տվյալներով՝  ուրբաթ՝ հուլիսի 19-ի առավոտյան, ամբողջ աշխարհում օգտատերերը հայտնել են Windows-ի հետ կապված խնդիրների մասին։ CrowdStrike-ը հաստատել է, որ սկզբնապատճառը CrowdStrike EDR-ի csagent.sys կամ C-00000291*.sys դրայվերում է։

Ամենից շատ տուժել են ավիացիոն ընկերությունները, օդանավակայանները, տարբեր բժշկական կենտրոններ, ցանցային խանութներ, Նյու Յորքի մետրոն, Հարավային Աֆրիկայի խոշորագույն բանկը եւ շատ այլ կազմակերպություններ: Խափանումից տուժածների ամբողջական ցանկը կարելի է ուսումնասիրել հղմամբ:

«Կասպերսկի»-ում համարում են, որ բավական խնդրահարույց է գնահատելը, թե որքան ժամանակ կպահանջվի աշխարհում այս կամ այն տեղեկատվական համակարգերի ամբողջական վերականգնման համար: Ամեն ինչ բարդանում է նրանով, որ օգտատերերին անհրաժեշտ է ձեռքով վերագործարկել իրենց համակարգիչներն անվտանգ ռեժիմում: Իսկ խոշոր կորպորացիաներում դա, որպես կանոն, հնարավոր չէ անել ինքնուրույն՝ առանց համակարգային ադմինիստրատորի օգնության:

Այնուամենայնիվ, CrowdStrike-ի հետ կապված խնդրից՝ դրա դրայվերի թարմացման առաջացրած մահվան կապույտ էկրանից ազատվելու համար անհրաժեշտ է.

Գործարկել համակարգիչը անվտանգ ռեժիմում:

Անցնել C:\Windows\System32\drivers\CrowdStrike. Գտնել եւ ջնջել csagent.sys կամ C-00000291*.sys նիշքը։

Վերագործարկել համակարգիչը նորմալ ռեժիմում:

«Կասպերսկի»-ի փորձագետների կարծիքով՝ նման իրավիճակից հնարավոր էր խուսափել բավականին պարզ  եղանակով։ Առաջինը՝ չթողարկել թարմացումներն ուրբաթ օրը: Սխալի դեպքում շտկման համար շատ քիչ ժամանակ է մնում. CrowdStrike-ի խափանումից տուժած բոլոր ընկերությունների համակարգային ադմինիստրատորները խնդիրը շտկելու համար գրեթե հաստատ աշխատել են բոլոր հանգստյան օրերին:

«Բայց ամենակարեւորը թողարկված թարմացումների որակին առավելագույն պատասխանատվությամբ վերաբերվելն է։ Մենք «Կասպերսկի» ընկերությունում դեռեւս 2009-ին գործարկել ենք մեր հաճախորդների մոտ զանգվածային խափանումների կանխարգելման ծրագիրը եւ անցել SOC 2 աուդիտ, որը հաստատում է ներքին գործընթացների անվտանգությունը։  Ահա արդեն 15 տարի յուրաքանչյուր թարմացում անցնում է աշխատունակության բազմաստիճան ստուգում տարբեր կոնֆիգուրացիաներում եւ օպերացիոն համակարգերի զանազան տարբերակներում: Սա մեզ թույլ է տալիս նախապես բացահայտել հնարավոր խնդիրները եւ լուծել դրանք «ափին»։ Անհրաժեշտ է հետեւել ռելիզների փոքր փուլերով թողարկման սկզբունքին: Հարկ է թարմացումները տարածել աստիճանաբար, այլ ոչ թե միանգամից բոլոր հաճախորդներին։ Նման մոտեցումը հնարավորություն է տալիս անհապաղ արձագանքել եւ, անհրաժեշտության դեպքում, կանգնեցնել թարմացումը: Եթե մեր օգտատերերն ինչ-որ խնդիր են ունենում, ապա մենք անպայման գրանցում ենք այն, դրա լուծումը դառնում է գերակայություն ընկերության բոլոր մակարդակներում»,- տեղեկացնում է «Կասպերսկի»-ն՝ պարզաբանելով, որ ինչպեսեւ կիբեռանվտանգության միջադեպերի դեպքում, տեսանելի վնասը վերացնելուց բացի, անհրաժեշտ է գտնել սկզբնապատճառը՝ ապագայում նման կարգի խնդիրները կանխելու համար: Անհրաժեշտ է թեստային ենթակառուցվածքում ստուգել ծրագրային պրոդուկտների թարմացումների աշխատունակությունը նախքան ընկերության «մարտական» ենթակառուցվածքում ծավալելը, աստիճանաբար ներդնել փոփոխությունները՝ վերահսկելով հնարավոր խափանումները:

 

 

 

ԱՆՑԿԱՑՎԵՑ 10-ՐԴ «ԱՐՄԱԹ»-Ը

Հուլիսի 19-28 Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում անցկացվեց «Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարը՝ նախատեսված 10-14 տարեկան պատանիների համար: Հայաստանի տարբեր մարզերից մասնակիցները միավորվեցին կրթության, ժամանցի, սպորտի, մշակույթի եւ հայրենաճանաչողական արշավների շուրջ՝ ստանալով հիմնարար գիտելիք, գործնական հմտություններ ու թիմում աշխատելու փորձ։

 

 

Ճամբարին մասնակցեց 100-ից ավելի երեխա ՀՀ տարբեր մարզերից՝ ինչպես նոր ներդրված «Արմաթներից», այնպես էլ վաղուց «Արմաթներ» հաճախող եւ նույնիսկ «Արմաթ» չհաճախող պատանիներ։ Տեխնոճամբարը կապող օղակ հանդիսացավ բոլոր մարզերի պատանիներին իրար կապելու, ընկերացնելու եւ ապակենտրոն կրթություն ապահովելու համար:

Անցկացվեց ռոբոտաշինության մրցույթ, լողի, ֆուտբոլի միջջոկատային առաջնություններ, ինտելեկտուալ խաղեր, ազգային պարի դասընթաց, ՈՄԱ վարժանքներ՝ կրակային պատրաստություն, առաջին բուժօգնություն, ժայռամագլցում, հանդիպում համայնքի ներկայացուցիչների հետ եւ այլն։ Հաղթող ջոկատները պարգեւատրվեցին։

Նպատակն էր՝ խտացված օրակարգով, մասնակիցներին հիմնովի պատկերացում տալ ճարտարագիտական աշխարհի մասին, համայնքի մաս դարձնել, որն էլ իր հերթին նրանց հետագա ուսումնառությունն ավելի արդյունավետ կդարձնի: Այդ 9 օրերի ընթացքում տեխնոճամբարը խթանեց պատանիների թիմային մտածելակերպը, բացահայտեց նրանց ուժեղ եւ թույլ կողմերը, սովորեցրեց հետադարձ կապի հմտությունը եւ արդյունակենտրոն աշխատանքը:

Ճամբարում երեխաների առօրյան հագեցած էր. ռոբոտաշինության մրցույթին նախապատրաստություն, Ողջ Մնալու Արվեստի վարժանքներ (ՈՄԱ), առաջին բուժօգնության դասընթաց, լողի ու ֆուտբոլի առաջնություն ջոկատների միջեւ, ինտելեկտուալ ու ժամանցային խաղեր, քայլարշավ եւ այլն:

 

 

ՍԱՀՄԱՆԱԳԾՈՒՄ ՀՆԴԻԿՆԵՐ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ

Սահմանազատման անվան տակ նախկինում ադրբեջանաբնակ 4 գյուղերի ու Կիրանցի տարածքներն Ադրբեջանին հանձնելուց հետո՝ սահմանագոտում կառուցվում են գաղտնի օբյեկտներ, յուրաքանչյուրը՝ միլիոնավոր եվրոների արժողությամբ։ Այդ օբյեկտները կառուցվում են ժամանակակից չափանիշներին համապատասխան ու մեծ նշանակություն ունեն Հայաստանի տարածքի պաշտպանության համար։ Սահմանագոտու բնակիչներից իմացանք, որ գաղտնի այդ օբյեկտների շինարարությունում, որպես էժան աշխատուժ, ներգրավել են հնդիկ բանվորների։ Կիրանց գյուղի տարածքում, իբրեւ անվտանգության նկատառումներից ելնելով՝ հայաստանցի լրագրողներին արգելում են նկարահանումներ անել, սակայն ռազմական մեծ նշանակություն ունեցող գաղտնի օբյեկտների շինարարությունում այլ երկրի քաղաքացիներ՝ հնդիկներ են աշխատում։ Կիրանց գյուղի բնակիչներից տեղեկացանք, որ հնդիկ բանվորներ են աշխատում նաեւ Աճարկուտ-Կիրանց ավտոճանապարհի շինարարությունում։ Տեղացիները հնդիկներին տեսել են նորակառույց ճանապարհի եզրին մետաղյա արգելապատնեշներ դնելիս։

 

 

Ո՞Վ ԷՐ ԿԱՌՈՒՑԵԼ ԽԱՇԹԱՌԱԿԻ ԿԱՄՈՒՐՋԸ

Իջեւան համայնքի Խաշթառակ գյուղի ժամանակավոր կամուրջն ընդամենը 3 օր աշխատեց, 4-րդ օրը՝ հուլիսի 28-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, վարարած Աղստեւը սրբել-տարել է կամրջի ձախ եզրի հողը՝ շարքից հանելով կամուրջը։ Տեղում տեսանք, որ փրկարար ծառայության աշխատակիցները դեղին ժապավեն կապելով եւ տեղում հերթապահություն սահմանելով՝ արգելափակել էին վթարային դարձած կամրջի մուտքը։ Այդ կամուրջը կառուցել էին Աղստեւ գետի մեջ տեղադրելով երկաթբետոնե սնամեջ ուղղանկյուններ, որոնց վրա ասֆալտապատում էին կատարել։ Այդ ժամանակավոր կամուրջը հիմնականում ծառայում  էր Խաշթառակ ու դրան հարակից Լուսահովիտ գյուղի բնակիչներին։ Այժմ  այդ 2 գյուղերի կապը Իջեւան քաղաքի «Ռեմբազի թաղի» հետ իրականացվում է գրունտային ճանապարհով։ Հուլիսի 16-ին տեղեկատվական հարցում ենք ուղարկել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին, նրան հարցնելով՝ որ կազմակերպությունը, ինչքան գումարով է իրականացնում Խաշթառակի ժամանակավոր կամրջի եւ Տավուշի  մարզում ընթացող  մի քանի ճանապարհների շինարարությունը։ Մարզպետը, պատասխանելով հարցման մեջ առկա այլ հարցերին՝  միտումնավոր կերպով անտեսել է այդ հարցը։ Նույն հարցապնդումն ուղարկել ենք նաեւ «Ճանապարհային դեպարտամենտ»  հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերժիկ Պետրոսյանին, հիմնադրամից պատասխանել են, որ իրենք հարցմանը կպատասխանեն լրացուցիչ ուսումնասիրություններից հետո։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս