Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) փոխըմբռնման հուշագիր ստորագրեց (MoU) ՖԵՄԻՆՆՈ մշակութա- նորարարական հարթակի հետ՝ համագործակցելու 2024թ. Նորարարության եւ Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողովի` WCIT2024/DigiTec-ի շրջանակներում կանանց մասնակցության ակտիվացման շուրջ:
ԱՏՁՄ-ի եւ ՖԵՄԻՆՆՈ-ի միջեւ կնքված հուշագիրը խորհրդանշում է համագործակցության ձեւաչափ, որն ուղղված է կոնգրեսում կանանց ներգրավվածության եւ մասնակցության խթանմանը՝ ընդգրկելով թե՛ տեղական, թե՛ միջազգային հանրույթն ու համայնքը։ Միավորելով իրենց ռեսուրսներն ու գործընկերների կապերը, այս համագործակցությունը նպատակ ունի WCIT2024/DigiTec-ը դարձնելու նշանակալի իրադարձություն՝ հատկանշելով կանանց դերը տեխնոլոգիական ոլորտում՝ Հայաստանը ներկայացնելով նաեւ որպես կանանց նորարարության եւ առաջնորդության առաջատար կենտրոն։
WCIT2024//DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը եւ ՖԵՄԻՆՆՈ մշակութա-նորարարական հարթակի հիմնադիր Սեդա Պապոյանը փոխանակվեցին հուշագրերով եւ կարճ ելույթով հայտարարեցին հուշագրի մասին՝ համատեղ ջանքերով խթանելու WCIT2024/DigiTec-ը։
«Ֆեմիննոյի հետ համագործակցության միջոցով մենք նպատակ ունենք հարստացնելու WCIT2024/DigiTec-ի օրակարգը կանանց ավելի մեծ ներկայացվածությամբ: Իմ անձնական փորձից գիտեմ, որ Հայաստանում ընկերություններում ղեկավար պաշտոնների շուրջ 40 տոկոսը զբաղեցնում են կանայք:
Այս համագործակցության միջոցով մենք ձգտում ենք հարստացնել մեր միջոցառումը՝ ներգրավելով ավելի շատ մասնագետների, որոնք քննարկումներին կբերեն իրենց մասնագիտական փորձառությունը:
Այս համագործակցությունը երաշխավորում է, որ մեր օրակարգը կլինի ոչ միայն համապարփակ, այլ նաեւ բազմազան եւ ներառական, արտացոլելով կանանց իրական ներուժը տեխնոլոգիական ոլորտում»,- ասաց WCIT2024//DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը։
Այս համագործակցությունը նպատակ ունի ընդգծելու այդ թվում նաեւ կոնգրեսի «ԱԲ-ի կանացի հմայքը» (The Grace of AI) հանդիպումների շարքի կարեւորությունը, որը նվիրված է գենդերային հավասարության եւ թվային ոլորտում տնտեսական հզորացման խթանմանը։ Այս գործընկերությունը ցույց է տալիս ավելի ներառական տեխնոլոգիական միջավայրի ստեղծման հանձնառությունը՝ ապահովելով հարթակ, որտեղ կանայք կլինեն առավել ներկայացված ու լսելի։
«Որպես առանձնահատուկ ուղղվածություն ունեցող կազմակերպություն՝ մենք միշտ ձգտում ենք ավելի մեծ ճանաչման եւ ներկայացվածության: Այսպիսի մասշտաբի միջոցառման հետ համագործակցությունը ոչ միայն համախմբում է մեզ, այլեւ ուժեղացնում մեր ջանքերը՝ Հայաստանի համար նշանակալի ազդեցություն գրանցելու համար: Այս համագործակցությունը կարեւոր քայլ է մեր առաքելությունում՝ ընդլայնելու կանանց հնարավորություններն ու հասնելու ավելի մեծ արդյունքների»,-ասաց ՖԵՄԻՆՆՈ մշակութա-նորարարական հարթակի հիմնադիր Սեդա Պապոյանը։
WCIT2024/DigiTec-ը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 4-7-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով:
WCIT2024/DigiTec-ի անցկացման չորս օրերին Հայաստանը կվերածվի տեխնոլոգիական մտքի կենտրոնի՝ հանդիսանալով հարթակ ոլորտի եւ թեմայի շուրջ առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների եւ B2B հանդիպումների համար: Համաժողովի շրջանակներում կանցկացվի նաեւ WITSA World Cup ստարտափների մրցույթը, կներկայացվեն նորարարական ցուցադրություններ, բիզնես ներկայացումներ, սեմինարներ եւ այլ միջոցառումներ:
WCIT2024/DigiTec համաժողովը կդառնա գլոբալ հարթակ, որը նպատակ ունի`
– ներկայացնելու հայաստանյան, եւ ոչ միայն, տեխնոլոգիական ներուժը ԴիջիԹեք էքսպոյի շրջանակներում, որը հանդիսանալու է հիմնական էքսպո հարթակը WCIT2024/DigiTec-ի համար,
– ուժեղացնելու տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը, իրազեկելու նորարարարությունների ու ԱԲ վերջին եւ ապագա զարգացումների շուրջ,
– Հայաստանը ներկայացնելու միջազգային հարթակներում եւ դիրքավորելու որպես նոր տեխնոլոգիական հաբ տարածաշրջանի համար,
– խթանելու ներդրումները եւ ընդգծելու ՏՀՏ լուծումների կարեւորությունը տարբեր տարածաշրջաններում եւ տնտեսություններում:
Համաժողովի օրակարգը ընդգրկում է լայն աշխարհագրությամբ մասնակիցների՝ ավելի քան 2,000 միջազգային պատվիրակներ կայցելեն Հայաստան միջոցառման օրերին:
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ Է 50 ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի իրականացրած «Վարպետաց դասեր» խորագրով «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագիրն ամփոփվել է:
Վերապատրաստման դասընթացներն անցկացվել են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում երկու փուլով՝ հուլիսի 2-4-ը եւ 24-26-ը:
Դասընթացներին մասնակցել են Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Կոտայքի եւ Վայոց ձորի մարզային եւ համայնքային գրադարանների 50 աշխատակիցներ:
Նախարարության աջակցությամբ իրականացվող ամենամյա ծրագրի նպատակն է ապահովել շարունակական կրթությունը գրադարանային ոլորտում, նպաստել գրադարանավարների մասնագիտական աճին եւ կարողությունների զարգացմանը: Եռօրյա դասընթացների շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական, Ամերիկյան համալսարանի Փափազյան, Ավ. Իսահակյանի անվան քաղաքային, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գրադարանների փորձառու գրադարանավարներն ու ոլորտի մասնագետները ծրագրի մասնակիցներին ներկայացրել են գրադարանային գործի գործառույթների վերաբերյալ նոր գիտելիքներ, հմտություններ, խոսել ոլորտային մարտահրավերների հաղթահարմանն ուղղված արդի մոտեցումների մասին: Նշենք, որ «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագիրը միտված է նաեւ ամրապնդելու գործընկերային կապերը, նպաստելու համագործակցության զարգացմանը մարզային ու համայնքային գրադարանների միջեւ: Դասընթացների ավարտին ծրագրի բոլոր մասնակիցները ստացել են հավաստագրեր:
ՈՐՔԱՆ Է ՎՃԱՐՈՒՄ ՍՊԵՐՑՅԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐԻ ԴԻՄԱՑ
«Կրասնոդարը» պատրաստ է դիտարկել կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տեղափոխությունը Եվրոպայի թոփ առաջնություն ոչ պակաս, քան 18 միլիոն եվրոյի առաջարկի դիմաց, հաղորդում է Metaratings-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիական «Լանսն» արդեն առաջին առաջարկն արել է, բայց ավելի քիչ է առաջարկել նշված գումարից: Ֆրանսիական ակումբը դեռ չի հրաժարվել բանակցություններից։ Նշվում է նաեւ, որ կրասնոդարյան ակումբը կարող է խնդրել «Լանսին» մի քանի փուլով վճարել 18 մլն եվրո ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց։ Սպերցյանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ եվրոպական առաջնությունների այլ թիմեր, սակայն պաշտոնական առաջարկ դեռ չի եղել։
24-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» հիմնական թիմում հանդես է գալիս 2021 թվականից։ Նախորդ մրցաշրջանում Էդուարդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է եւս երկու մրցաշրջանի համար: Transfermarkt-ի համաձայն՝ ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ՝ ՉՈՐՐՈՐԴ ՏԵՂՈՒՄ
Բասկետբոլի Եվրոպայի Մ18 առաջնության C դիվիզիոնում տղամարդկանց Հայաստանի հավաքականը գրավել է չորրորդ տեղը։ Երրորդ տեղի համար խաղում Սեւակ Քեթենջյանի գլխավորած թիմը 53-79 հաշվով պարտվել է Ալբանիայի հավաքականին։
Հայ բասկետբոլիստները մրցաշարում անցկացրել են չորս հանդիպում, տարել մեկ հաղթանակ, կրել երեք պարտություն։
ՀՂԻՈՒԹՅԱՆ 7-ՐԴ ԱՄՍՈՒՄ՝ ՀԱՂԹԵԼ Է ՄՐՑԱԿՑԻՆ
Եգիպտոսցի սուսերամարտիկ Նադա Հաֆեսը հղիության 7-րդ ամսում մասնակցել է 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերին: Այս մասին մարզիկը խոսել է սոցցանցերում։
«Մենք իրականում երեք հոգով էինք հարթակում: Դա ես էի, իմ մրցակիցը եւ իմ դեռ չծնված երեխան: Ես ու երեխաս շատ դժվարություններ ունեինք՝ թե՛ ֆիզիկական, թե՛ էմոցիոնալ: Բախտս բերել է, որ անվերապահորեն ունեմ ամուսնուս եւ ընտանիքիս աջակցությունը»,- գրել է մարզիկը սոցցանցերում։
26-ամյա մարզուհուն հաջողվել է 1/16-րդ փուլում հաղթել ամերիկացի մցակցին՝ Էլիզաբեթ Տարտակովսկին՝ 15:13 հաշվով։ Սակայն 1/8-րդ եզրափակիչում Հաֆեսը 7։15 հաշվով պարտվել է հարավկորեացի մրցակցին՝ Չունգ Հայունգին։