ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները տեղեկություններ են ստացել, որ սահմանափակ ընկերություններից մեկի տնօրենի ցուցումով Մասիս համայնքի տարածքում՝ Սևջուր կոչվող գետի ափերին, իրականացնում են ավազակոպճի ապօրինի հանքարդյունահանման աշխատանքներ:
Ստուգմամբ պարզվել է, որ ՍՊԸ տնօրինությունը կամ իրավասու անձինք նույն ընկերությանը պատկանող տարածքում 2023 թ. դեկտեմբերի 28-ից մինչ օրս, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելով, օրական ապօրինի արդյունահանել և վաճառել են ավազակոպիճ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Ստուգմամբ հայտնաբերվել են գետի հունի վիճակի և կայունության փոփոխություններ, ընկերության գործողություների հետևանքով ընդերքին և շրջակա միջավայրին պատճառվել է էական վնաս, այն է՝ հանգեցրել է հողի որակի վատթարացման, արդյունահանվող օգտակար հանածոների կորստի, ինչն էլ առաջացրել է տվյալ վայրում առկա օգտակար հանածոների հետագա շահագործման դժվարացում:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարույթի շրջանակում ՍՊ ընկերության չորս աշխատակից ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում վերոհիշյալ ՍՊ ընկերության կողմից, որպես պետությանը պատճառված վնաս, վերականգնվել է 10 միլիոն դրամ:
Կատարվում է նախաքննություն: