Անձնական ամբիցիաներ, թե՞ տարիների հիմնախնդիր. ի՞նչ է կատարվում Մերձավոր Արևելքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում Մերձավոր Արևելքում օրեցօր լարվածությունը մեծանում է, ինչը կարող է նաև տարածաշրջանային լուրջ հետևանքներ թողնել և, այդ թվում, բացասաբար ազդել Հարավային Կովկասում առկա ռազմաքաղաքական իրադրության վրա։
Մերձավոր Արևելքում բուն պատերազմական գործողությունները սկսվեցին 2023 թվականի հոկտեմբերի 7-ին և այդ օրվանից ի վեր զոհվել է ավելի քան 39 հազար պաղեստինցի: Սա պատերազմ է, որը կոտրեց՝ Իսրայելի անխոցելիության մասին կարծրատիպը:
Շարունակվող լարվածության ֆոնին 2024 թվականի հուլիսի 27-ին Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքները հրթիռակոծվեցին Լիբանանի կողմից, որի հետևանքով ավելի քան 10 զոհ և բազմաթիվ վիրավորներ կան։ Նույն օրը, ԱՄՆ-ում գտնվող Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն հայտնեց, որ շտապ վերադառնում է։

Հուլիսի 30-ին Իսրայելն անցավ բացահայտ գործողությունների և հարվածներ հասցրեց Լիբանանում «Հըզբալլահ» կուսակցության կայաններին` մեղադրելով երեք օր առաջ տեղի ունեցած հրթիռակոծության համար։
«Հըզբալլահ»-ն իր հերթին հայտարարեց, որ այդ գործողություններն անպատիժ չեն մնալու։
Հուլիսի 31-ի առավոտյան, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում սպանվեց «Համաս»-ի ղեկավար Իսմայիլ Հանիեն: Շարժումն իր առաջնորդի սպանության համար պատասխանատու է համարում Իսրայելին և ԱՄՆ-ին։

Խոսելով վերջին օրերին ստեղծված իրավիճակի մասին՝ պետք է նշել, որ դեռևս հուլիսի 28-ին ավիաընկերությունները Լիբանանին դուրս են բերել իրենց ինքնաթիռները, իսկ արդեն հուլիսի 30-ին բազմաթիվ թռիչքներ հետաձգվել և չեղարկվել են:
Ինչու՞ Իսրայելը բացահայտ ռազմական գործողությունների անցավ: Հարկ է նշել, որ իշխանության գալուց ի վեր Բենիամին Նաթանյահուի դեմ պայքար է սկսվել. նրա նկատմամբ բազմաթիվ մեղադրանքներ են հնչում՝ պետական դիրքի չարաշահման վերաբերյալ: Այս պահին Իսրայելի վարչապետն իր առջև դրված խնդիր ունի՝ հնարավորինս երկար մնալ պաշտոնին՝ հակառակ դեպքում կալանավորումն անխուսափելի կլինի:

«Հըզբալլահ»-ի դեմ ռազմական գործողությունները հիանալի առիթ են երկրում լարված իրադրություն ստեղծելու, քաղաքական ներքին բախումները ժամանակավորապես հետաձգելու և հաջողության դեպքում փառքի արժանանալու համար: Հետևաբար անհասկանալի է վերջին օրերին սկսված ռազմական գործողությունները անձնական ամբիցիաների, թե՞ տարիների հիմնախնդրի հերթական պոռթկման արդյունք են:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս