2 հողամաս՝ 28 մլն դրամով, 6 մլն տարեկան եկամուտ․ ինչ ունեցվածք ունի Արտաշատի ՔՊ-ական համայնքապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը պաշտոնին նշանակվել է 2021 թվականին:
Մինչ պաշտոնի նշանակվելը 2008-ից 2009 թթ.-ին աշխատել է ՀՀ ԱՆ քրեկատարողական հաստատությունում՝ որպես ՔԿՀ ԱԱՀ 2-րդ կարգի մասնագետ: 2009-2011 թթ.-ին աշխատել է «Սանարե ֆարմ» ՍՊԸ-ում: 2012-2015 թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ ՌԴ-ում, այնուհետև 2016-2019 թթ. կրկին աշխատել է «Սանարե ֆարմ» ՍՊԸ-ում:

2019-2020 թթ. եղել է Արարատի մարզպետի խորհրդականը: 2020-2021 թթ եղել է «Արտաշատ» ՋՕԸ-ի գործադիր տնօրենը:
Նկատելի է, որ նա քաղաքական ասպարեզում գործունեություն սկսել է ծավալել 2018 թվականի հեղափոխությունից հետո:

Համայնքի ղեկավարը 2023 թվականի եկամուտների, անշարժ գույքի, շահերի և ծախսերի հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մարտի 24-ին, որտեղից տեղեկանում ենք, որ 2005 թվականին նա ստացել է ժառանգություն՝ հողամաս, հենց Արտաշատ համայնքում, հաշվետու տարվա ընթացքում՝ 2023 թվականի ընթացքում ձեռք է բերել ևս 2 հողամաս: Հողամասերից մեկն արժեցել է 14.800.000 դրամ, իսկ մյուսը՝ 14.000.000 դրամ և գնվել է ոմն Արթուր Կարապետյանից։
Ստացվում է, որ երկու հողամասերի արժեքը միասին կազմել է 28,8 մլ դրամ:
Հարկ է նշել, որ համայնքի ղեկավարի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 6 մլն 698 հազար դրամ: 2 հողամասերի արժեքը ավելի քան 3 անգամ գերազանցում է Կառլեն Մկրտչյանի Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ստացված աշխատավարձի քանակին: Հարցական է, թե որտեղից համայնքապետին այս մեծ քանակի գումարը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Մկրտչյանը չունի սեփական տրանսպորտային միջոց, սակայն շահագործում է իրեն սեփականության իրավունքով չպատկանող Toyota մակնիշի մեքենա 2022 թվականի արտադրության:

Կառլեն Մկրտչյանի բանկային հաշիվների մնացորդը տվյալ տարվա սկզբին կազմել է 57.753 դրամ, որը տարեվերջին նվազել է դառնալով 927 դրամ:
Համայնքի ղեկավարը տվյալ տարվա սկզբում, որպես կանխիկ դրամ հայտարարագրել է 4 մլն դրամ, նույն գումարը պահպանվել է տարվա վերջում:

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 23 մլն դրամ, որը, ինչպես տեղեկանում ենք, հողամասի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նշված հողամասի վրա գտնվող անշարժ գույքի քանդման համաձայնությունը տրվել է հենց իր թիվ ՝Ք-1929 որոշմամբ:

Մկրտչյանը վարկերի մարմանն ուղղել է 5 մլն 800 հազար դրամ: Կարելի է ենթադրել, որ վերը նշված հողամասերը ձեռք են բերվել հիփոթեքով, քանի որ առկա վարկային միջոցները և վարկի մարմանն ուղղված գումարը միասին կազմում է հողամասերի ամբողջական արժեքը:
Հավելենք, որ Կառլեն Մկրտչյանը հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային խորհրդի նախագահ։

Հիշեցնենք, որ օրերս Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ստուգումներ էին իրականացնում Արտաշատի համայնքապետարանում՝  կոռուպցիոն գործարքների կասկածանքով։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս