Հայաստանում փետրվարի 1-ից մեկնարկել է «Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացում» ծրագիրը, հուլիսի 26-ին էլ տեղի ունեցավ Արցախից տեղահանվածներին իրավական եւ իրավաբանական օգնության հարթակի շնորհանդեսը։
Ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի շրջանակներում:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշեց, որ մեծ ջանքեր են ներդրվել ծրագիրն իրականացնելու համար։ Նպատակն է նպաստել Արցախից բռնի տեղահանվածների ադապտացմանը Հայաստանում, իրենց բնակության նոր համայնքներում նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության եւ արդարադատության հասանելիության մակարդակն ու պաշտպանությունը:
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի իրավաբան Մարիանա Ավագյանը, որը նույնպես Արցախից բռնի տեղահանված է, նշեց, որ իրավաբանական աջակցությունն ավելի հասանելի դարձնելու նպատակով ՏԻՄ-երի միջոցով հանդիպումներ են կազմակերպվել հենց այն համայնքներում, որտեղ բնակվում են տեղահանված քաղաքացիները։
«113 արցախցու անվճար իրավաբանական օգնություն է ցուցաբերվել տեղում՝ Հայաստանի 12 համայնքներում մեր այցելությունների ժամանակ, 10 քաղաքացի ինքնուրույն է դիմել մեր գրասենյակ, եւս 28-ը՝ հեռավար (հեռախոսով կամ առցանց)։ Իրազեկման սեմինար ենք անցկացրել, որի նպատակը Արցախից բռնի տեղահանված անձանց իրավագիտակցության մակարդակի բարձրացումն է եղել։ Ներկայացվել են այն աջակցության ծրագրերը, ինչպես նաեւ օրենսդրական կարգավորումները, որոնց վերաբերյալ հաճախ հարցեր են առաջանում»,-նշեց Մարիանա Ավագյանը։
Այնուհետեւ Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի կառավարման խորհրդի նախագահ, «Հարմոնիա» ՀԿ գործադիր տնօրեն, բռնի տեղահանված Ջուլիետտա Առուստամյանը ներկայացրեց Արցախահայերի իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը, որը ստեղծվել է 2024 թվականի փետրվարին։ Ցանցի հիմնական նպատակն է համախմբել արցախահայերի իարվունքներով զբաղվող ներուժը՝ Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքները պաշտպանելու համար։
Վերջում Կարեն Զադոյանը ներկայացրեց armrights.am-ը։ Էլեկտրոնային հարթակի անվանումն ընտրվել է ցանցի անդամների կողմից կայացած քվեարկության արդյունքում։
Էլեկտրոնային հարթակի միջոցով արցախահայերը հնարավորություն են ունենալու առցանց բարձրացնելու եւ լուծելու իրենց իրավական խնդիրները։
Հարթակի միջոցով քաղաքացիները կարող են նաեւ ֆինանսապես աջակցել արցախահայերի իրավական խնդիրների լուծմանը։
«Սա փորձնական հարթակ է, որն անընդհատ լավարկելու ենք։ Հարթակում տեղադրվել են նաեւ արցախահայերի հաջողության պատմությունները՝ ցույց տալու համար, որ եթե մեկ անձի իրավական խնդիրները լուծվում են, ապա համանման խնդիրներ ունեցող մեկ այլ անձ դա կարող է տեսնել եւ դիմել, որպեսզի իր խնդիրները նույնպես լուծվեն։ Լուծված խնդիրը կարող է փոքր թվալ, սակայն այդ անձի, ընտանիքի համար այն լուրջ հաջողություն է»,-նշեց Կարեն Զադոյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցված է Արցախից տեղահանված 101 848 անձ, որոնցից 30 հազարը երեխաներ են: Մարզերում բնակվում է 72 626 տեղահանված անձ, մյուսները՝ Երեւանում։
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այսօր հայ-թուրքական սահմանին տեղի ունեցած Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի հանդիպման վերաբերյալ։
Նշվում է, որ հուլիսի 30-ին Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, դեսպան Սերդար Քըլըչը եւ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հինգերորդ հանդիպումն են ունեցել երկու երկրների սահմանին գտնվող Ալիջան-Մարգարա անցակետում։
Ըստ թուրքական կողմի հաղորդագրության՝ կողմերը վերահաստատել են նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Նրանք պայմանավորվել են նաեւ գնահատել տեխնիկական պահանջները, որոնք թույլ կտան կազմակերպել Աքյաքա/Ախուրիկ երկաթուղային սահմանային անցակետի գործարկումը տարածաշրջանային զարգացումներին համահունչ, ինչպես նաեւ պարզեցնել դիվանագիտական/պաշտոնական անձնագիր ունեցողների համար փոխադարձ վիզայի ընթացակարգերը»,-ասվում է հայտարարության մեջ։ Բացի այդ, կողմերը կրկին ընդգծել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու կարգավորման գործընթացն առանց որեւէ նախապայմանի՝ երկու երկրների միջեւ լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանի հետ՝ հասկանալու՝ տնտեսական ինչ փոփոխությունների առջեւ է կանգնելու Հայաստանը սահմանային անցակետի գործարկման դեպքում։ Վերջինս ասաց՝ վստահ չէ, որ երկաթուղին կգործարկվի եւ հնարարվոր է, որ սա հերթական մանիպուլիացիան է:
«Դժվար է ասել, որովհետեւ նախ պիտի ամբողջական վերլուծություն արվի, թե ինչքանով է սա ձեռնտու մեր տնտեսությանը։ Այսինքն՝ այդ հաշվարկները կառավարությունը պիտի ներկայացնի: Լայն իմաստով՝ այստեղ ակնհայտ է, որ ապաշրջափակումը տարածաշրջանային զարգացման կարեւոր նախապայման է, դա ապաշրջափակում է, որը կարող է ունենալ ենթադրյալ տնտեսական օգուտներ։ Պետք է հասկանալ, թե ինչի գնով է, որովհետեւ այս իշխանություններն ինչքան խոսում են առանց նախապայմանների տնտեսական փոխգործության մասին, մենք էլ ավելի շատ պայմանների ու պարտադրանքների ենք ականատես լինում»:
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԵՐԿԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը կարեւոր է համարել։ Դրա մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։
«Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումն ու վերականգնումը կարեւոր տարրեր են ավելի կայուն եւ բարգավաճ Հարավային Կովկասի համար», – նշել է Կլաարը:
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 30-ին Մարգարա-Ալիջան սահմանային հատվածում։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Երեւանն ու Անկարան քննարկել են Ախուրիկ-Աքյակա երկաթուղային սահմանային անցակետի վերականգնման հնարավորությունը։
ՀԱՐԻՍԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը մտադիր է օգոստոսի 6-ին Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում հանրահավաքի ժամանակ ներկայացնել նախընտրական պայքարի իր թեկնածուին։
Նրանց տվյալներով՝ վայրի ընտրությունը վկայում է, որ Հարիսի թեկնածուն, որը առաջիկա ընտրություններում կառաջադրվի փոխնախագահի պաշտոնում, ամենայն հավանականությամբ Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոն է։
Նոյեմբերի 5-ին անցկացվելիք ԱՄՆ նախագահական ընտրություններում «Հանրապետական» կուսակցությունն ընտրություններում կներկայացնի ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը, իսկ փոխնախագահի նրա թեկնածուն Ջեյմս Դեյվիդ Վենսն է։
Ակնկալվում է, որ Հարիսը շուտով կհաստատվի որպես «Դեմոկրատական» կուսակցության նախագահի թեկնածու: Պաշտոնապես «Դեմոկրատական» կուսակցությունն այս հարցի շուրջ քվեարկելու է օգոստոսի 1-5-ը առցանց ձեւաչափով։
ՄԵՂՍԱԿԻՑ Է ՀԱՄԱՐՈՒՄ
Իրանի արտաքին գործերի նախարարությունը Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը մեղսակից է անվանել ԱՄՆ-ին։
«ԱԳՆ-ն ընդգծում է ԱՄՆ կառավարության պատասխանատվությունը՝ որպես մեղսակից այս զազրելի ահաբեկչական գործողության իրականացմանը եւ սիոնիստական ռեժիմի (Իսրայելի) կողմից պաղեստինցիների բռնազավթման եւ ցեղասպանության շարունակությունը։
Այս ահաբեկչությունը ոչ միայն միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է, այլեւ լուրջ վտանգ է միջազգային խաղաղության եւ տարածաշրջանային անվտանգության համար», – ասվում է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
ՄՏԱԴԻՐ ՉԷ ՀԵՏԱՄՈՒՏ ԼԻՆԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ
Թուրքիան դատապարտել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը Թեհրանում։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Մենք դատապարտում ենք Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը:
Եվս մեկ անգամ պարզ դարձավ, որ Նեթանյահուի կառավարությունը մտադիր չէ հետամուտ լինել խաղաղությանը: Այս հարձակումը նպատակ ունի նաեւ տարածել պատերազմը Գազայից դուրս՝ ամբողջ տարածաշրջանում: Եթե միջազգային հանրությունը չփորձի Իսրայելին կանգնեցնել, մեր տարածաշրջանը կբախվի շատ ավելի լուրջ հակամարտությունների»,- ասված է հայտարարության մեջ։