«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վարդուհի Անանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Վիզիթ Լոռի» ՍՊԸ-ի տնօրեն եւ հրահանգավորումների անցկացման պատասխանատու անձ, Դեբեդ գետի վարարման ընթացքում գետի վրա կազմակերպել է ռաֆտինգի ծառայություն, որպես թիմի անդամներ ներգրավել է սիրողական անձնակազմի, սահմանված կարգով չի նշանակել պատասխանատու անձ, ուսուցում եւ հրահանգավորումներ չի անցկացրել, ինչի հետեւանքով 2022 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Դեբեդ գետի Քոբայր-Սանահին կայարան հատվածի 3-րդ կիլոմետրում ռաֆտինգելու ընթացքում քարին հարվածելու հետեւանքով Արմինե Ճաղարյանն ընկել է գետը եւ ջրահեղձման արդյունքում՝ մահացել: Գործը դատարանում է, ընթանում է քննություն:
2023 թվականի նոյեմբերի 23-ին ՔԿ-ն հայտնել էր, որ ՀՀ Լոռու մարզի Դեբեդ գետում հեռուստալրագրող Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առթիվ քրեական հետապնդում է սկսվել եւ մեղադրանք ներկայացվել ռաֆտինգ կազմակերպած ընկերության տնօրենին։
Նշվում է, որ Դեբեդ գետի վարարման ընթացքում գետի վրա կազմակերպել է ռաֆտինգի ծառայություն, որպես ռաֆտինգ թիմի անդամներ՝ ներգրավել է սիրողական անձնակազմ, սահմանված կարգով չի նշանակել պատասխանատու անձ՝ հրահանգիչ։
«Արմինե Ճաղարյանին նավարկելուց առաջ ռաֆտինգի անվտանգության հրահանգների պահանջներին առնչվող հարցերով սահմանված կարգով գրավոր ուսուցում եւ հրահանգավորումներ չի անցկացրել, ռաֆտինգից օգտվելու հրահանգների պահանջների վերաբերյալ անվտանգության գծով գիտելիքների ստուգում եւ հրահանգավորում չի կատարել», – ասված էր հաղորդագրությունում։
Մեղադրանքն առաջադրվել էր անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Արդյունքում, Արմինե Ճաղարյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել ռաֆտինգի ընկերության տնօրենին Հիշեցնենք, որ դեպքը եղել էր 2022 թվականի մայիսի 9-ին։ «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանը ողբերգական պատահարի զոհ էր դարձել։ Նա Դեբեդ գետում նավակով նկարահանումներ իրականացնելիս գետն էր ընկել։
Նախաքննության ընթացքում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ տուժողի մահվան պատճառ է հանդիսացել շնչառական ուղիները հեղուկով փակվելու՝ ջրահեղձման հետեւանքով մեխանիկական շնչահեղձությունը:
ԸՆԴԴԵՄ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ
Դատական կարգադրիչնեն իրենց իրավունքները վերականգնելու համար դատի են տալիս դատական դեպարտամենտին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատական կարգադրիչ Արման Հովհաննիսյանը դիմել է վարչական դատարան ու պահանջում է, որ դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի թիվ 347-Ա հրամանն անվավեր ճանաչեն, վերջինիս նախկին աշխատանքին վերականգնելու, հայցվորին հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար վճարելուն պարտավորեցնեն:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼՈՒ ՊԱՀԱՆՋ
Բագրատ Սրբազանի վերաբերյալ զրպարտությունը հերքելու պահանջով՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան է ներկայացվել հայցադիմում` ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրած civic.am լրատվամիջոցի եւ լրագրող Դավիթ Լեւոնյանի, հայտնում են «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքից:
Հայցադիմումն ընդունվել է վարույթ, առաջին դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին, նշված դատարանի «Արաբկիր» նստավայրում։
Բագրատ Սրբազանի վերաբերյալ զրպարտությունը հերքելու պահանջով հայցադիմում է ներկայացվել նաեւ ընդդեմ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի։ Հայցադիմումը վարույթ ընդունելու եւ դատական նիստ նշանակելու մասին տեղեկություն առայժմ առկա չէ։
Նշված երկու գործերով Բագրատ Սրբազանի շահերը դատարանում ներկայացնելու է փաստաբան Աննա Փիլոսյանը։
ՍԴ ՎԱՐՈՒՅԹԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել՝ Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ օրենսգրքի (1998 թ.) 309.1-ին հոդվածի 3-րդ մասը Սահմանադրությանը համապատասխանեցնելու որոշման առնչությամբ, որը ներկայացնում ենք համառոտ։
Փաստաբանական խումբը, մասնավորապես, փաստեր է ներկայացրել այն մասին, որ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի ՍԴ վարույթի քննությունը անցել է խախտումներով:
Մասնավորապես՝ ի սկզբանե վարույթից հեռացրել են Հրայր Թովմասյանին, այն պատճառաբանությամբ, որ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը Թովմասյանի սանիկն է, այսինքն՝ Թովմասյանը կողմնակալ կարող է լինել:
Սեդա Սաֆարյանն ինքն է հրաժարվել՝ նշելով, որ չի կարող «այս պատմության մեջ մտնել»:
Քննությանը մասնակցել է Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատրյանը: Ըստ ամենայնի՝ Դավիթ Խաչատրյանին պաշտոն են խոստացել:
Սահմանադրական դատարանի վարույթի քննությանը մասնակցել է նաեւ Վահե Գրիգորյանը, որը նույնպես Մարտի 1-ի գործով կողմ է:
Կարճ ասած՝ հասարակությանը մոլորեցնելու համար նորից մարտի 1-ի արյունալի էջն է փորձում վերաբացել Նիկոլ Փաշինյանը, բայց ոչ թե գործը քննելու, այլ խիստ վիճահարույց գործընթացներ նախաձեռնելով: Քոչարյանի շուրջ կատարվողը կարելի է բնորոշել ամեն ինչ. քինախնդրություն, վրեժխնդրություն, կամայական արդարադատություն, բայց ոչ երբեք Մարտի 1-ի բացահայտում: Հիշեցնենք, որ անցնող 6 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի 10 զոհերից որեւէ մեկի սպանությունը այդպես էլ չբացահայտեց:
ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈ՞ՒՆ ԹԵ՞ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ» օրաթերթը փաստաբան Արմեն Անդրիկյանի հետ զրուցել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» նորանշանակ տնօրեն Սահակ Հակոբյանին մեղադրանք առաջադրելու եւ կաշառքի դիմաց զինվորին բանակից ազատելու քրեական վարույթի մասին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արմեն Անդրիկյանը հայտնեց, որ Սահակ Հակոբյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. «Մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու հատկանիշով: Գումարի չափը չեմ կարող ասել՝ նախաքննական գաղտնիք է: Մեղադրանք առաջադրելուց հետո՝ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, սակայն դատարանը Սահակ Հակոբյանին առաջադրված մեղադրանքում իրեն մեղսագրվող արարքի բացակայության հիմքով՝ այսինքն՝ հիմնավոր կասկածի հիմքով, միջնորդությունը մերժել է»:
Հարցին, թե ինչ է մտածում Սահակ Հակոբյանն իրավապահների կողմից իրեն ամեն գնով կալանքի տանելու գործընթացի մասին, Արմեն Անդրիկյանն ասաց, թե կատարվածը կմեկնաբանի որպես թյուրիմացություն, ինչպես նաեւ իրավապահ մարմինների ոչ ճիշտ աշխատանքի արդյունք:
Հանրապետական շտապօգնության ծառայության» նորանշանակ տնօրեն Սահակ Հակոբյանը վերադարձել է իր աշխատանքին։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Հանրապետական շտապօգնության ծառայության» նորանշանակ տնօրեն Սահակ Հակոբյանին եւ եւս մի քանի անձի Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ կաշառքի գործով են վերջինիս ձերբակալել, եւ անգամ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու գործսով:
Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենին մեղադրանք է ներկայացվել զորակոչիկին բժշկական կեղծ ախտորոշման հիմքով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։
Բացի տնօրենից՝ նույն վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի եւս երեք անձ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ