Team Telecom Armenia-ի եւ Թումոյի միջեւ ռազմավարական գործընկերությունն ընդլայնվում է՝ ներառելով եւս մեկ կրթական նախագիծ։ Խոսքը Թումո ճամբարի մասին է, որի շրջանակում մասնակիցները ձեռք են բերում տարաբնույթ հմտություններ ու գիտելիքներ, հաստատում կապեր ամբողջ աշխարհից պատանիների հետ, ինչպես նաեւ վայելում ակտիվ մշակութային եւ ժամանցային ծրագիր: Team-ի աջակցության շնորհիվ այս տարի ամառային ճամբարին մասնակցելու հնարավորություն ունեցան նաեւ արցախցի պատանիներ։
Հինգ շաբաթ տեւող Թումո ճամբարն այս անգամ անցկացվեց Երեւանում եւ Դիլիջանում։ Յուրաքանչյուր շաբաթ փոխվում էին մասնակիցները, եւ ըստ նրանց հետաքրքրությունների՝ փոխվում էր նաեւ ծրագրի բովանդակությունը։
«Թումո ամառային ճամբարում ես ինձ համար նոր ոլորտ բացահայտեցի՝ ծրագրավորումը։ Մինչ այդ պատկերացում չունեի ծրագրավորման մասին եւ կարծում էի, որ ինձ մոտ չի ստացվի։ Հիմա ես շատ եմ ուզում հետագայում ավելի շատ ուսումնասիրել այդ թեման։ Ճամբարի ընթացքում ծանոթացա այլազգի երեխաների հետ ու շատ բան սովորեցի նրանց երկրների եւ մշակույթի մասին։ Շատ ուրախ էի նաեւ ճամբարի ընթացքում արցախցի իմ ընկերներին կրկին հանդիպելու համար։ Մի խոսքով՝ ունեցա նոր ընկերներ, ստացա գիտելիքներ եւ հաճելի ժամանակ անցկացրի»,- ասում է ճամբարի մասնակից Էլեն Դանիելյանը, որը եղել է նաեւ Թումո Ստեփանակերտի ուսանող։
Team-ը խթանում է տեխնոլոգիական կրթությունը, եւ արցախցի պատանիների ներգրավումը Թումո ճամբարում այդ ջանքերի կարեւոր մասն է կազմում: Սա պատանիներին հնարավորություն կտա զարգացնելու իրենց թվային հմտությունները եւ ինտեգրվելու տեխնոլոգիական աշխարհին։
Կրթական բաղադրիչից բացի՝ ճամբարը նաեւ մշակութային կամուրջ ստեղծեց՝ թույլ տալով պատանիներին շփվել իրենց հասակակիցների հետ Հայաստանից եւ արտերկրից։
Ճամբարն ուներ հագեցած կրթական եւ ժամանցային բաղադրիչներ։ Մասնակիցները սովորեցին Թումոյի հիմնական ծրագրի ուղղություններում՝ ծրագրավորում, լուսանկարչություն, երաժշտություն, ինչպես նաեւ խաղերի ստեղծում, գրաֆիկ դիզայն, անիմացիա, 3D մոդելավորում ու ռոբոտաշինություն։ Նրանք այցելեցին պատմամշակութային վայրեր, թանգարաններ, մասնակցեցին տարատեսակ սպորտային խաղերի, իսկ ճամբարի ավարտին ներկայացրին իրենց նախագծերը։ Հիշեցնենք, որ Team Telecom Armenia-ն եւ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ստորագրել էին հուշագիր Հայաստանում արդեն գործող եւ առաջիկայում բացվող Թումո կենտրոններին ու տուփերին ինտերնետով ապահովելու վերաբերյալ: Հուշագիրը համագործակցություն է սահմանում նաեւ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Թումո լաբեր նախագծի եւ 42 Երեւան ծրագրավորման դպրոցի հետ, որի շրջանակում Team-ի մասնագետներն իրականացնելու են կրթական հանդիպումներ եւ ծրագրեր այս նախագծերում ներգրավված ուսանողների հետ։
ԽԹԱՆՈՒՄ Է «ԱԿԲԱ» ԲԱՆԿԸ
«Ակբա» բանկը «Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման» կողմից Իջեւանում կազմակերպված էներգաարդյունավետության էքսպոյի շրջանակում բիզնեսներին եւ անհատներին ներկայացրել է էներգաարդյունավետ ու էներգախնայող արտադրանքների ֆինանսավորման ճկուն տարբերակներ։
Էներգաարդյունավետության էքսպոյի շրջանակում ներկայացվել են հայկական արտադրության ջրատաքացուցիչներ, հոսանքով աշխատող կաթսաներ, տաք հատակներ ու արեւային այլ էներգաարդյունավետ ու «կանաչ» արտադրանքներ։
«Ուրախ ենք, որ «Ակբա» բանկը միացել է այս միջոցառմանը։ Հայաստանն այնքան արեւ ունի, որ առաջիկա տարիներին կարող է լուրջ առաջընթաց գրանցել «կանաչ» էներգիայի արտադրության ոլորտում։ Այդ ճանապարհին «Ակբա» բանկը կանգնած է բնակիչների կողքին՝ առաջարկելով ֆինանսական հետաքրքիր լուծումներ, որպեսզի մարդիկ կարողանան օգտվել «կանաչ» տեխնոլոգիաների առավելություններից»,- նշել է «Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման» հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Էրիկ Բյոտտխերը։
Այս տարի «Ակբա բանկը» Euromoney ֆինանսական պարբերականի կողմից ESG (բնապահպանական, սոցիալական եւ կառավարում) չափանիշներով Հայաստանում ճանաչվել է լավագույնը՝ հաշվի առնելով ESG շրջանակում բանկի վարկային պորտֆելի կայուն աճն ու վերջինիս աճող մասնաբաժինը։ Հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը՝ «Ակբան» մշակել եւ շուտով ներդնելու է նաեւ «կանաչ» վարկերի տրամադրման սեփական ընթացակարգերը, որոնց միջոցով սահմանվելու են «կանաչ» վարկերի չափանիշներն ու CO2-ի արտանետման հաշվարկման մեխանիզմները։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Fastex-Ը ՀՈՎԱՆԱՎՈՐԵԼ Է ՄՐՑՈՒՅԹԸ
«Ֆասթեքսը» հովանավորել է հուլիսի 26-ին Sevan Startup Summit 2024-ի շրջանակներում տեղի ունեցած հաշմանդամային կիբերսպորտի «Metagait: Cyber Football» մրցույթը, որի կազմակերպիչն էր «ՔայլՏեք»-ը:
Ֆասթեքսի աջակցությամբ ձեռք է բերվել նորարարական MetaGait նեյրովերականգնողական սարքը, որը թույլ է տալիս մի քանի օգտագործողների խաղալ մեկ միջավայրում: Սարքի շնորհիվ խաղացողները, կատարելով քայլքի իմիտացիա, հայտնվել էին վիրտուալ իրականություն եւ մրցել միմյանց դեմ՝ ֆուտբոլի ձեւաչափով։
«Քայլ թեք» ընկերության մարքեթինգի բաժնի պատասխանատու Լիլիթ Սարգիսյանը, կարեւորելով խաղերի իրականացումը, նշել է, որ ապագայում դրանք վերածվելու են մեծ մրցաշարերի համաշխարհային մակարդակով. «Արդեն երկրորդ տարին է, որ նման մրցույթ ենք իրականացնում, ու սա շատ կարեւոր նախադեպ է հատկապես ֆուտբոլի պարագայում, որն աշխարհում մարդկանց մեծ մասի սիրելի խաղերից է։ Երբ սկսեցինք ֆուտբոլի խաղի ստեղծման աշխատանքները, բոլորի մոտ մեծ ոգեւորություն էր, հատկապես` սարքն օգտագործողների մոտ», – ասել է նա։
Մրցույթին մասնակցել են 6 անձինք՝ երկու թիմերով։ Նախատեսված էր հաղթող թիմին պարգեւատրել 900.000 դրամին համարժեք FTN-ով, իսկ պարտվող թիմին՝ 300.000 դրամին համարժեք FTN-ով: Մրցույթի ավարտին, սակայն, թիմերը որոշել են հավասարապես բաշխել ֆոնդը՝ յուրաքանչյուր մասնակցին տրամադրելով 200.000-ական ՀՀ դրամին համարժեք FTN-ներ:
Այս համագործակցությամբ «Ֆասթեքսը» վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ձեւավորելու տեխնոլոգիապես զարգացած հասարակություն, որտեղ բոլորը կարող են ունենալ հավասար հնարավորություններ՝ անկախ սահմանափակումներից։
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 25-28-ը Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում անցկացվելու է Agro Pack 2024 գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսը:
Հիմնական ուղղություներն են՝ սնունդ, փաթեթավորում, պլաստիկի արտադրություն, գյուղատնտեսություն, արդյունաբերություն։
Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության եւ ճանապարհային ծախսերը հոգում են մասնակիցները։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԸ
«Fitch» միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «BB-» վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով: Այս մասին նշված է միջազգային վարկանիշային գործակալության հրապարակած զեկույցում։
Գործակալությունը նշում է, որ Հայաստանի BB» վարկանիշն արտացոլում է մեկ շնչին ընկնող եկամուտների եւ կառավարման ցուցանիշները, որոնք համադրելի են գործընկերներին, աճի ուժեղ հեռանկարներին եւ մակրոտնտեսական քաղաքականության կայուն շրջանակին: Միաժամանակ վարկանիշի բարձրացմանը խանգարում են բյուջեի զգալի դեֆիցիտը, ֆինանսական հատվածի բարձր դոլարայնացումը, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական ռիսկերը։
Գործակալությունն, անդրադառնալով Հայաստանի տնտեսական բարձր աճին, ընդգծել է, որ այն շարունակվում է՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից եւ այժմ՝ Լեռնային Ղարաբաղից ուժեղ ներքին միգրացիայի շնորհիվ։
«Իրական ՀՆԱ-ն 2023 թվականին աճել է 8,7%-ով եւ 2024 թվականի առաջին եռամսյակում կազմել է 9,2%՝ տարեկան: Ակնկալվում է, որ զբոսաշրջության ու տեղեկատվական եւ կապի տեխնոլոգիաների ոլորտները կլինեն աճի կարեւոր շարժիչ ուժեր, Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մեկնարկը 2025 թվականից դրական կլինի արտահանման եւ աճի համար», – նշված է գործակալության զեկույցում, որտեղ կանխատեսվում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 6%, 2025 թվականին՝ 5,5%, իսկ 2026 թվականին՝ 5,1%։