ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը քաղաքական դաշտ է եկել 2018 թվականի հեղափոխությունից հետո:
Մինչ պատգամավոր դառնալը 2016 թվականից եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ:
2011-2012 թվականները եղել է Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրող, իսկ 2013-2018 թվականներից՝ «Մեդիա Նյուզ» ՍՊԸ-ի «Արարատնյուզ» (Araratnews.am) կայքի խմբագիր: 2019 -2021թթ. եղել է ԱԺ պատգամավորի օգնական:
Վարչապետի գրեթե յուրաքանչյուր հնչեցրած խոսքին հավատարիմ Էմմա Պալյանը, որը Գյումրիից եկավ Երևան և դարձավ ՔՊ անդամ, 2022 թվականին նոր բնակարան է ձեռք բերել Երևանում։ Պատգամավորը հայտարարագրել է նաև մեկ բնակարան Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, որը փաստացի իրեն չի պատկանում, բայց շահագործվում է իր կողմից։
Էմմա Պալյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 3,5 մլն դրամ։
2023 թվականի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 12 մլն 186 հազար դրամ, որից 10 մլն 107 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմից։
Եկամուտների բաժնից էլ հասկանում ենք, որ Պալյանը 78 հազար դրամ այլ եկամուտ է ստացել «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպություններից։
Պալյանը Պետական եկամուտների կոմիտեից ստացել է 2 մլն դրամ, որն էլ 21 մլն արժողությամբ բնակարանի հիփոթեքի մայր գումարի մարման համար է։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 26 մլն 450 հազար դրամ։
Պալյանը որևէ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, սակայն նրա ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը, նախորդ տարի հայտարարագրել էր մեկ մեքենա 2008 թվականի արտադրության Audi, որը ձեռք է բերել 2019 թվականին։ Մեքենան տարեվերջին օտարվել էր 1 մլն դրամով։
2023 թվականին պատգամավորի ամուսինը 1,5 մլն դրամ արժողությամբ KIA մակնիշի մեքենա է գնել 2010 թվականի արտադրության։
Հիշեցնենք, որ Էմմա Պալյանը նախկինում եղել է պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնականը։
ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը ամուսնուն նշանակել է իրեն հասարակական հիմունքներով օգնական, իսկ եղբորը՝ իր նախկին ղեկավար Կարեն Սարուխանյանի օգնական։
Ահա սա է իշխանության չկոռումպացված խաղատախտակը։
Էմմա Միքայելյան