Արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը արցախյան պատերազմների ու արցախյան հիմնահարցի մասին պատմող հերթական նախագիծն է սկսում, որի միջոցով պատմելու է պատերազմի ընթացքում բժիշկների կատարած սխրանքների մասին:
Ռեժիսորը բժիշկներին համեմատում է հրեշտակների հետ, որոնք ամենադաժան պայմաններում մարդկային կյանքեր են փրկում:
«20 20-ի Հրեշտակները» ֆիլմը կյանքի կոչելու համար ֆիլմի ստեղծագործական կազմը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել բժիշկների հետ և լսել հարյուրավոր պատմությունների, որոնցից մեկին էլ կինոռեժիսորն անդրադարձ է կատարել՝ գրելով. «Բժիշկներից իմ լսած ամենատպավորիչ պատմություններից մեկը մի կամավորի մասին է։
Պատմում է, որ տղան ուսից բեկորային վիրավորումներով բերվել էր հոսպիտալ և որ ժամեր է տևել մինչ կարողացել է անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրել։ Հիշում է, թե ոնց է զայրացել ու չի հավատացել, երբ լսել է, որ տղան թաքուն թողել է հոսպիտալը՝ նման վիճակում ետ վերադառնալով առաջնագիծ։
Ասում է՝ 10-15 օր չէր անցել, երբ նկուղում ընթացող վիրահատության ժամանակ զուգահեռ վիրահատական սեղանին մահ է արձանագրվում, մոտենում նայում է ու անբացատրելի էմոցիաներ է ապրում, երբ տեսնում է, որ մահացողը այդ նույն կամավորն էր։
«20 20-ի Հրեշտակներ»-ը պարզ ու հասարակ մարդկանց մեջ ապրող վեհ մարդկային տեսակների մասին է»:
Հուրի Բաղդասարյան