ԱՄՆ-ը Վենեսուելայի նախագահի ընտրության հաղթող է ճանաչել ընդդիմության թեկնածուին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն Վենեսուելայում կայացած նախագահի ընտրության հաղթող է ճանաչում ընդդիմության թեկնածու Էդմունդո Գոնսալես Ուրուտիային: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Հաշվի առնելով անհերքելի ապացույցները՝ Միացյալ Նահանգների, իսկ ամենակարևորը՝ վենեսուելացիների համար պարզ է, որ Էդմունդո Գոնսալեսը ստացել է ամենաշատ ձայները Վենեսուելայում հուլիսի 28-ին կայացած նախագահի ընտրությունում»,- նշել է Բլինքենը:

Նա շնորհավորել է Գոնսալեսին՝ հաջող քարոզարշավի համար։ Բլինքենի խոսքով՝ ժամանակն է, որ Վենեսուելայում կողմերը սկսեն քննարկել «լիազորությունների հարգալից, խաղաղ փոխանցումը»։

«Մենք լիովին աջակցում ենք Վենեսուելայում ժողովրդավարական նորմերի վերականգնմանը և պատրաստ ենք դիտարկել դրանց ամրապնդման հնարավորությունները մեր օտարերկրյա գործընկերների հետ համատեղ»,- ասված է հայտարարության մեջ։

Վենեսուելայի ընտրական խորհուրդը հայտարարել էր, որ երկիրը 2013 թվականից ղեկավարած Նիկոլաս Մադուրոն վերընտրվել է այդ պաշտոնում՝ ստանալով ձայների 51 տոկոսը: Սակայն ընդդիմությունը հայտարարել է, որ քվեաթերթիկների մոտ 90 տոկոսի իր հաշվարկները ցույց են տալիս, որ ընտրությունում հաղթել է Գոնսալեսը: Բրազիլիայի, Մեքսիկայի և Կոլումբիայի նախագահները կոչ են արել Վենեսուելային հրապարակել քվեարկության մանրամասն տվյալները: Վենեսուելայում ընտրությունից հետո բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում, ձերբակալվել է ավելի քան 1200 ցուցարար:




Լրահոս