Վարդենիսի տուն-ինտերնատի նախկին գանձապահը, ՀՀԿ-ական պատգամավորի հորեղբորորդին` շուտով տնօրեն. «Ժողովուրդ» օրաթերթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի տնօրեն Նվեր Հովհաննիսյանին հեռացրել են աշխատանքից: Մեզ հասած տեղեկություններով՝ արդեն հայտնի է նաեւ ապագա տնօրենի անունը: Ամենահավանական թեկնածուն Վարդենիսի Ակունք գյուղում ծնված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի հարազատ հորեղբորորդին է` Արմեն Ավագյանը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը դեռեւս 2012թ. հոկտեմբերի 12-ին գրել էր,  որ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը ջանում է իր հարազատին տուն- ինտերնատի տնօրեն «կարգել»:

Իսկ ո՞վ է Ավագյանի «կադրը»: Արմեն Ավագյանը բարձրագույն կրթություն չունի, նախկինում տուն-ինտերնատի գանձապահն էր եւ գրեթե բոլոր աշխատակիցներից 10-հազարական դրամ պահումներ էր արել: Այս խայտառակությունը բացահայտվել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից, սակայն ընթացք չէր տրվել, քանի որ Ավագյանի համար ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր միջամտել՝ խոստանալով, որ նման բան այլեւս չի կրկնվելու: Ու փոխարենը, Արմեն Ավագյանին ներելուց բացի, նաեւ «առաջ են տանում»՝  ձգտելով նշանակել տուն-ինտերնատի փոխտնօրեն:

Ի դեպ, հեռացված տնօրեն Նվեր Հովհաննիսյանը ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանի ազգականն է: Երեկ երեկոյան «Ժողովուրդ»-ը փորձեց Նվեր Հովհաննիսյանից պարզել՝ ինչո՞ւ են իրեն աշխատանքից հեռացրել: Վերջինս հուսահատ ձայնով ասաց, որ ինքը ոչինչ չգիտի:

Այսպիսով, երիտՀՀԿ-ական Կարեն Ավագյանը երկու տարի անց հասավ իր նպատակին եւ հաղթեց ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանին:




Լրահոս