Ապօրինի ընդերքօգտագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությամբ ՍՊ ընկերության համասեփականատիրոջ կողմից կատարվել է 20,000,000 ՀՀ դրամի չափով վնասի հատուցում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։
«Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՍՊ ընկերության 2013-2014թթ. ընթացքում համասեփականատերը, պարտավոր լինելով հողերի թույլատրված օգտագործումն իրականացնել դրանց նպատակային և գործառնական նշանակությամբ, օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներն իրականացնել պայմանագրի և նախագծի պայմաններին համապատասխան, հիշյալ ժամանակահատվածում Արմավիրի մարզի Ապագա համայնքին և մի շարք անձանց սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներում հողի և ընդերքի օգտագործումն իրականացրել է հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու, օգտագործելու, ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ։ Արդյունքում՝ շրջակա միջավայրին և ընդերքին պատճառվել է էական վնաս:
Նախաքննության ընթացքում նշանակված դատաէկոլոգիական և դատահաշվապահական համալիր փորձաքննության եզրակացության արդյունքում պարզվել են ընկերության կողմից, ինչպես օրինական, այնպես էլ` ընդերքի օգտագործման և պահպանման կանոնների խախտմամբ ավազակոպիճային զանգվածի արդյունահանման ծավալները, դրա արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը, այդ թվում նաև` հողային ռեսուրսների վրա ազդեցությունը:
ՍՊ ընկերության համասեփականատիրոջ կողմից կատարվել է 20,000,000 ՀՀ դրամի չափով վնասի հատուցում:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: