«168 ժամ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության գործարար թեւը ներկայացնող պատգամավորների մեծ մասը դեռ չի որոշել` ինչպե՞ս քվեարկել կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, որն ԱԺ կներկայացվի ապրիլի 28-ի քառօրյա նիստում: Միաժամանակ, ԲՀԿ-ական մի շարք այլ պատգամավորներ հավաստիացնում են, թե քվեարկելու են այնպես, ինչպես որոշելու է խմբակցությունը: Պարզվում է, սակայն, խմբակցությունն արդեն որոշել է` պետք է քվեարկել «կողմ»:
Համենայնդեպս, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը, պատասխանելով «168 ժամ»-ի հարցին` ինչպե՞ս է պատրաստվում քվեարկել կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, պատասխանել է. «Բնականաբար, այնպես, ինչպես մեր խմբակցությունը եւ, բնականաբար, որոշել ենք, որ կողմ ենք քվեարկելու, ես էլ»: Սակայն մեր թղթակցի հետ զրույցում մի շարք այլ գործարար ԲՀԿ-ական պատգամավորներ խուսափել են հարցից` ինչպե՞ս են քվեարկելու մի նախաձեռնությանը, որի հիմնական ջատագովներից մեկն իրենց կուսակցության առաջնորդ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է:
Սակայն այս պատգամավորներին կարելի է հասկանալ, քանի որ առայժմ հայտնի չէ նաեւ` Գագիկ Ծառուկյանը մասնակցելո՞ւ է ապրիլի 28-ի նիստին, որի ընթացքում քննարկվելու է իր հայտարարած «կոնսոլիդացիայի» արդյունքում ծնված նախաձեռնությունը»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում