«Ցրողական պատասխաններ են տալիս»․ ինչու է Մարզահամերգային համալիրը հրաժարվել ընդդիմության հանրահավաքի համար սրահ տրամադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հրաժարվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի անցկացման համար համալիրի մեծ դահլիճը տրամադրել։ Այդ պատճառով սեպտեմբերի 7-ին նախատեսված հանրահավաքը կկայանա սեպտեմբերի 4-ին։

ArmLur.am-ի հետ զրույցում շարժման անդամ Գառնիկ Դանիելյանն ասաց, որ համալիրից պատճառաբանել են, թե զբաղված է մեծ դահլիճը․
«Մենք համալիրի մեծ դահլիճն ենք ցանկացել այդ օրվա համար վերցնել, որտեղ 10 հազար մարդ է տեղավորվում, բայց ասել են տարբեր օրեր զբաղված է սրահը կամ նախապատրաստական աշխատանքներ են այնտեղ, ասել են՝ կարող է հնարավորություն լինի փոքր դահլիճը տրամադրել, բայց անընդհատ ցրողական պատասխաններ են տալիս, այսինքն՝ խուսափում են մեզ տրամադրել դահլիճը»,-ասաց Դանիելյանը։

Նրա խոսքով՝ հնարավոր է օրը փոխվի և հավաքը ամսի 7-ի փոխարեն 4-ին կայանա․

«Այդ օրվա հավաքը ոչ այնքան հանրահավաքի ֆորմատով պետք է լիներ, այլ մարզային կառույցների, շարժման ակտիվի ու աջակիցների հետ հանդիպում՝ աշխատանքն ամփոփելու ու առաջիկա անելիքների քննարկելու համար»։

ArmLur.am-ը զրուցեց նաև Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենի ֆինանսական հարցերով տեղակալ Լուսինե Բոյաջյանի հետ; վերջինս պարզաբանեց․

«Մեզ գրությամբ դիմել են համալիրի մեծ դահլիճը տրամադրելու համար, օրն էր նշված՝ սեպտեմբերի 7։ Մենք իրենց գրությամբ պատասխանել ենք, որ այդ օրն ունենք պայմանագիր կնքված՝ ռուս էստրադային երգիչ «Մականի» համերգն է, բացի դա ցուցաահանդես՝ սեպտեմբերի 1-5-ը ներառյալ։ Մեզ մոտ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսները բավականին ծանրաբեռնված են, ու տարվա սկզբից ամրագրվում են օրեր։ Մենք ՓԲԸ ենք, եթե ազատ օր ենք ունենում, տրամադրում ենք, այստեղ որևէ խնդիր չկա»,-ասաց նա։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս