Կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի առեղծվածային մահվան դեպքից անցել է 1 ամիս եւ ArmLur.am-ը դիմեց քննչական կոմիտե հասկանալու համար, թե ինչ է պարզվել դեպքով, ի պատասխան Կոմիտեից հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է։
Ասել է, թե դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ չկան, որպեսզի պարզվի, ինչ հանգամանքներում է կոմպոզիտորի մահը վրա հասել։
Հիշեցնենք, որ հունիսի 1-ի առավոտյան ոստիկանության Սևանի բաժին էր դիմել կոմպոզիտորի մայրը և հայտնել էր, որ իր 25-ամյա աղջիկը գիշերը այցելել է Սևանի վարչական տարածքում գործող հանգստյան գոտի, ինչից որոշ ժամանակ անց, ինքը տեղեկություններ չի ունեցել աղջկանից, և կան կասկածներ, որ նա ջրահեղձ է եղել:
Անահիտի քրոջ ամուսինը` Վահան Ազիբեկյանը պատմել էր,որ Անահիտին վերջին անգամ տեսել են մայիսի 31-ին Սեւանի ափին նստած:
«Նրան վերջին անգամ մայիսի 31-ի գիշերը` 22:30-ի կողմերն են տեսել` ափին նստած: Հագուստը, հեռախոսը, անձնական իրերը կան, ինքը չկա: Փրկարարները ասում են, որ բավական խորացել են լճում, ստուգել են, եթե խեղդված լիներ, կտեսնեին, ոստիկանությունն էլ հակված է խեղդվելու վարկածին, բայց այլ տարբերակներ էլ են քննարկում»,-ասել էր նա:
Ազիբեկյանը հայտնել էր, որ Անահիտը հանգստանալու նպատակով էր մեկնել, ընկերուհու հետ պետք է գնար, սակայն ընկերուհու գնալը չի ստացվել, երկու օրից պետք է հետ վերադառնար:
Արդյունքում հունիսի 3-ին հայտնաբերեցին կոմպոզիտորի դին ու Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նաև նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»։
Քնար Մանուկյան