ArmLur.am-ը ահազանգ է ստացել, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Հայկ Նահապետի արձանի մոտ գտնվող աստիճանները շատ վատ վիճակում են։
Մեզ ահազանգած քաղաքացին նշել է, որ աստիճաններից իջնելը վտանգավոր է, ոչ միայն նրա համար, որ բարձր են, այլև կիսաքանդ իրավիճակում են։
ArmLur.am-ի հետ զրույցում Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանից ասացին, որ այդ աստիճանները կիսաքանդված չեն, ընդամենը մի քանի սալիկ է պոկված և այդ ամենն անվտանգության տեսանկյունից ապահով է, այսինքն՝ ոչ ոքի համար վտանգ չի ներկայացնում։
«Առաջին հերթին այնտեղ քանդված բան չկա, հին աստիճաններ են, մասնակի վերանորոգման կարիք ունեն ընդամենը, մի քանի թեթև սալիկներ են պոկված, որոնք պետք է կպցնեն։ Ծրագրով նախատեսված է, մրցութային փուլում է, բայց որ քանդված է, դա իրականությանը չի համապատասխանում»,- ասացին թաղապետարանից։
Թաղապետարանից նշեցին, որ բազալտե սալիկները, որոնք պոկված են, ծրագրով նախատեսված է, որ այս տարի կվերանորոգվի, սակայն թաղապետարանի նախատեսմամբ՝ սալիկներն արդեն պետք է վերանորոգված լինեին։
Փորձեցինք ճշտել, թե երբ է հստակ նախատեսվում վերանորոգումը, ինչին ի պատասխան ասացին․
«Մրցույթի հետ կապված խնդիրներ կան, տեխնիկական հսկողության մասնակից չի եղել, նորից մրցույթ ենք հայտարարել և երբ մրցույթը լինի, 1 ամսվա ընթացքում կվերանորոգվի, պետք է որ մինչև հոկտեմբեր ամիս վերջացնենք։ Ինքն իրենից ոչ մի վտանգավոր բան չի ներկայացնում, ուղղակի հեռվից, որ նայում են աստիճանների տակի փոքր հատվածներ կան, որ բացակայում են, ոչ տեխնիկական խնդիր է, ոչ էլ անվտանգություն»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան