ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ԷԼ ԱՊՊԱ-ՆԵՐ ՊԵՏՔ ԿԼԻՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործող կառավարությունը, անկախացումից ի վեր  գործունեություն  ծավալած նախորդ կառավարություններից հիշվելու է ամենաերկարը: Իհարկե, «հիշվելու» մեջ իր մեղքի բաժինը ունի նաեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Դա իր հերթին օգնեց բացահայտելու կառավարության ապաշնորհությունը: Սակայն տարիներ հետո կառավարությունը հիշվելու է նախ եւ առաջ կենսաթոշակային «բարեփոխումների»  առիթով, քանզի այն, ինչ արվում է այսօր, իր արձագանքն ունենալու է միայն ապագայում: Եվ այսպես. 2011թ. հունվարի 1-ից  Հայաստանում  կներմուծվի  կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգ: Անցումը պարտադիր համակարգին  տեղի կունենա  2014թ. հունվարի 1-ից: Այս սխեմայով նախատեսվում է բարձրացնել կենսաթոշակները` հասցնելով միջին աշխատավարձի 50 տոկոսին: Նախատեսվում են երաշխավորված պետական փոխանցումներ` յուրաքանչյուր թոշակառուից  5 տոկոսի չափով, որին պետությունը կհավելի եւս 5 տոկոս: Կենսաթոշակների վճարման համար ստեղծվելու է բազմաստիճան համակարգ: Առաջինը սոցիալական կենսաթոշակն է, որը վճարվելու է պետբյուջեից այն մարդկանց, որոնց աշխատանքային ստաժը մինչեւ  5 տարի է: Երկրորդն աշխատանքային կենսաթոշակն է, որի իրավունքը վերապահված է  5 տարուց ավելի աշխատանքային  ստաժ ունեցող այն մարդկանց, ովքեր ժամանակին սոցվճարումներ են կատարել: Երրորդը պարտադիր կուտակային կենսաթոշակային  համակարգն է: Վերջապես  չորրորդը. կենսաթոշակ կվճարվի այն կենսաթոշակառուներին, ովքեր կամավոր վճարներ են կատարել հատուկ ստեղծված  հաշիվներին: Այս «կամավոր» տարբերակը գործում է 2011թ. հունվարի 1-ից:Կառավարությունը, որպես փաստարկ նման բարեփոխումների անհրաժեշտության, վկայակոչում է բնակչության ծերացման խնդիրը, ինչի արդյունքում  նկատվում է կենսաթոշակային տարիքի  անձանց թվաքանակի նվազման միտում, ինչպես նաեւ` երիտասարդության արտագաղթը: Նախ` ինչո՞ւ է   երիտասարդությունը արտագաղթում, դա ամբողջովին  այլ թեմա է, եւ դրա  հիմքում կան ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաեւ քաղաքական դրդապատճառներ: Ինչպես նշվեց վերեւում, այս «բարեփոխումները» դառնալու են իսկական գլխացավանք   այսօրվա Հայաստանի երիտասարդների համար: Տարիներ շարունակ  վստահել քրտինքով աշխատած փողերը  մի պետության, որը կարող է օրվա մեջ մի 30 տոկոսով  արժեզրկել ազգային արժույթը, անթույլատրելի է: Ըստ նախնական հաշվարկների, բնակչությունից հավաքվելու է մոտ 800 մլն դոլար: Ակնհայտ է, որ  այդ աստղաբաշխական գումարները  չեն կարող կլանել Հայաստանի տնտեսությունը:  Ստեղծվող կենսաթոշակային ֆոնդերը, որոնց տնօրենները, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դիպուկ բնորոշմամբ`  «շատ արագ դառնալու  են նոր օլիգարխներ»,  այդ  գումարները տեղադրվելու են  արտասահմանյան  ակտիվներում: Իսկ  արդեն  շրջանառվում են լուրեր, որ կենսաթոշակային  ֆոնդերի տնօրենները նույնպես  պետք է ընտրվեն   կոալիցիոն քվոտայով: Թեպետ զարմանալի կլիներ հակառակը. եթե անգամ համատիրությունների  ղեկավարներն են այդ  սկզբունքով  ընտրվում, ինչպես  կարող է այդ  «կարգին գործերը»  վստահվեն «օտարներին»: Կառավարությունը չի էլ պատրաստվում որեւէ  կերպ երաշխավորել մարդկանց տարիներով վաստակած գումարները:  Բացառված  չէ, որ  մի  «գեղեցիկ  օր»  արտասահմանում պահվող հաշիվները ուղղակի առգրավվեն` Հայաստանի պետական արտաքին պարտքի դիմաց: Ու այդ ժամանակ թոշակառուները կդառնան սովորական խաբված ավանդատուներ: Այն երկրներում, որտեղ  բարձր է  բնական աղետների հավանականությունը, մշակվում են ապահովագրական հատուկ ծրագրեր: Մեզանում բարձր է սոցիալական աղետների հավանականությունը: Իսկ ընդանրապես,  յուրաքանչյուր օրենքի հիմքում պետք է լինի  հասարակական պահանջարկ:  Սակայն այս դեպքում  գործ ունենք  կառավարության խիստ կասկածելի  «շահագրգռվածության»  հետ:ԱՐԻՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ




Լրահոս