Հուսով եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական կամքի և շարունակական ջանքերի շնորհիվ թշնամության և բռնության էջը այժմ վերջնականապես կարող է շրջվել՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների։
Այս մասին Jam-news-ին տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Որքան գիտեմ՝ խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է։ Ինձ թվում է, որ միակ բանը, որ պակասում է՝ քաղաքական կամքն է, որն անհրաժեշտ է վերջնագծին հասնելու համար։
Մենք համոզված ենք, որ մնացած հարցերի և ձևակերպումների վերաբերյալ վերջնական համաձայնությունը հասանելի է: Խաղաղության պայմանագիրը և դրա հետագա կյանքի կոչումը հիմնովին կփոխեն իրավիճակը տարածաշրջանում։ Կարծում եմ, որ առաջնորդները նույնպես կիսում են այս տեսակետը և կձեռնարկեն բոլոր ջանքերը, որոնք անհրաժեշտ են այդ հարցում վերջնական համաձայնության հասնելու համար»,- ասել է Կլաարը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայում վերջերս կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի չհանդիպելու փաստը ցույց տվեց, թե որքան փխրուն է գործընթացը: