Սերժ Սարգսյանը երեկ այցելել է ՀՀ բնական պաշարների և էներգետիկայի նախարարություն, որտեղ արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, հանդես է եկել մի շարք ուշագրավ հայտարարություններով:
Անդրադառնալով էներգետիկ գործարքների հետ կապված հանրության շրջանում առկա դժգոհությանը ՝ Ս. Սարգսյանն ասել է. «Ցանկացած լավագույն որոշում ընդամենը աշխատանքի կեսն է: Մենք պետք է կարողանանք ընդունված որոշման մասին գրագետ և ժամանակին բացատրություններ տալ, որպեսզի մարդիկ հասկանան որոշման կարևորությունը»:
Համաձայնեք, որ բացառիկ ցինիզմ պետք է ունենալ ՝ հատկապես էներգետիկ ոլորտում ընդունված որոշումների կապակցությամբ նման հայտարարություններ անելու համար: Այն դեպքում, երբ ոլորտը համակարգող Արմեն Մովսիսյանը տարիներ շարունակ նույն Սերժ Սարգսյանի անմիջական հրահանգով զբաղված է եղել ՀՀ էներգետիկ հզորություններն իրենց իրական արժեքից մի քանի անգամ ցածր գնով օտարելու տարբեր մութ գործարքները թաքցնելով, նույն գազի հարցով հանրությանն ու քաղաքական ուժերին մոլորեցնելով և անվերջ խուսանավելով, նման հայտարարություններն ուղղակի զավեշտալի են:
Սերժ Սարգսյանը բերել է գազի սակագնի օրինակը ՝ նշելով, որ հանրության շրջանում տարված բացատրական աշխատանքից հետո մարդիկ հասկացել են, որ ՀՀ-ում գազի գինն առաջիկա 5 տարում չի բարձրանալու: Մինչդեռ ընդամենը երկու օր առաջ ՌԴ-ում գազի սակագնի բարձրացման հետևանքով Հայաստանում գազի գնի թանկացման մասին հարցին նույն Արմեն Մովսիսյանը դարձյալ խուսափողական պատասխան տվեց:
Ս. Սարգսյանը նաև ասել է, թե ուրախ է, որ գազի հարցով ԱԺ-ում ժամանակավոր հանձնաժողով է ստեղծվել:
«Սա շատ լավ, լուրջ առիթ է, որպեսզի մեկ անգամ ևս այս հարցերն ուսումնասիրվեն: Մենք թաքցնելու ոչ մի բան չունենք: Թող գնան ուսումնասիրեն, ներկայացնեն հանրությանը»:
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ցանկանում էին ժամանակավոր հանձնաժողով ստեղծել նաև «Նաիրիտի հարցով», և անհասկանալի է, թե ինչու այդ դեպքում Սերժ Սարգսյանը նույնպիսի հ ուրախություն չդրսևորեց: Արդյոք ոչ այն պատճառով, որ «Նաիրիտ»-ի հարցում թաքցնելու շատ բան կա:
Եվ վերջում ՝ կայացված որոշումները հանրությանը գրագետ և ժամանակին ներկայացնելու Սերժ Սարգսյանի հորդորին ի պատասխան ՝ արժե հիշեցնել, որ «Որոտանի հէկ-երի» վաճառքի կասկածահարույց գործարքի վերաբերյալ «Ժողովուրդ»-ի անցկացրած լրագրողական հետաքննության բացահայտած տվյալների շուրջ Աժ պատգամավորի հարցին ՀՀ կառավարությունը խուսափեց պատասխանել: