
Թուրքիան ծրագրում է օգոստոսի 7-ին միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցին։ Այս մասին օգոստոսի 5-ին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Հաագայի Միջազգային դատարանը մայիսի 16-17-ին լսումներ է անցկացրել՝ կապված Հարավաֆրիկյան Հանրապետության՝ Ռաֆահում հրեական պետության գործողությունների պատճառով Իսրայելի դեմ հավելյալ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով։ Դատարանը մայիսի 24-ին Իսրայելին պարտավորեցրել է դադարեցնել իր ռազմական գործողությունը Ռաֆահում և ձեռնարկել ցեղասպանության մեղադրանքները հետաքննող առաքելությունների Գազա մուտքն ապահովելու քայլեր:
«Չորեքշաբթի մենք նախատեսում ենք դոսյե ներկայացնել Հաագայի Արդարադատության միջազգային դատարան՝ Իսրայելի դեմ հայցին միանալու համար», – ասել է Ֆիդանը Կահիրեում իր եգիպտացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ֆիդանը Եգիպտոս է ժամանել օգոստոսի 4-ին և կարողացել է այցելել Գազայի հատվածի հետ սահմանին գտնվող Ռաֆահ անցակետը՝ նշելով մարդասիրական օգնության մատակարարման և հրադադարի ապահովման կարևորությունը։