Ադրբեջանը գրեթե 1 տարի ապօրինաբար կալանքի տակ է պահում Արցախի պետական պաշտոնյաներին, ինչպես նաև 23 հայ ռազմագերիների, որոնցից 5-ը գերեվարվել են 2020 թվականի պատերազմի ընթացքում: Գերիների հանդեպ վատ վերաբերմունքի մասին հաճախ ենք լսում, որոնցից հատկանշական է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հանդեպ խոշտանգումները, որի մասին մեծ աղմուկ բարձրացավ: Ինչպես նաև դեռ մայիս ամսին դրան հաջորդեց Բաքվի դատարանի որոշումը, ըստ որի հինգ ամսով երկարացվեց Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։
ArmLur.am-ը կապ հաստատեց «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ՝ հասկանալու, թե ինչ փուլում է գերիների վերադարձի գործը, և ի՞նչ փոփոխություններ կան։ Վերջինս ասաց, որ այս պահին շատ էական տեղաշարժեր չկան, սակայն կա սպասում:
«Նկատի ունենալով, որ նոյեմբերին նախատեսվում է բարձրաստիճան միջազգային միջոցառման իրականացում Ադրբեջանում, խոսքը Կլիմայի փոփոխությանն առնչվող «COP29»-ի մասին է, որի շրջանակներում ամրապնդվում է մասնակիցների հավատարմությունը մարդու իրավունքներին, ժողովրդավարական արժեքներին, բնապահպանական խնդիրներին և այլն, արդիական է դառնում առկախված խնդիրների լուծումը, հատկապես եթե գործ ունենք մարդասիրական ծայրահեղ խնդիրների հետ, որոնք տևական ժամանակ լուծում չեն ստացել, մեծանում է միջազգային ճնշումը՝ պահանջելով դրանց կատարում միջոցառմանը նախորդող ընթացքում, որպեսզի նաև լեգիտիմացվի նման միջոցառումների անցկացումն այդ երկրում, ինչպես նաև տվյալ երկրի շարունակական գոնե ֆորմալ հավատարմությունը մարդու իրավունքներին: Ինչպես գիտենք, բազմաթիվ նախաձեռնություններ, արշավներ կան, որոնք կոչ են անում մասնակիցներին, անգամ կազմակերպիչներին գոնե փոխել միջոցառման անցկացման վայրը, ինչն այս պահին իրատեսական չէ»:
Նրա խոսքով՝ այստեղ իմիջային հարց է առաջանում, քանի որ միջազգային հանրության ուշադրությանն են ներկայացվում չլուծված խնդիրները, բայց դրա ֆոնին միջոցառման անցկացումը հենց Ադրբեջանի համար է իմիջային խնդիր առաջացնում:
Սիրանուշ Սահակյանը նշում է, որ կա դրական սպասում, որ Ադրբեջանը, հեղինակությունը փրկելու նկատառումներից ելնելով, կարող է որոշակի թվով հայերի ազատ արձակել:
«Կարծում եմ՝ հնարավոր է քաղաքացիական գերիների մասով մի փոքր լավատես լինել, իսկ Արցախի նախկին ղեկավարության մասով, հաշվի առնելով երկու գործոն՝ նախ իրենց գլխագինը շատ ավելի թանկ է, և երկրորդը՝ քաղաքական նկատառումներից ելնելով՝ Ադրբեջանը չի սպառել այս անձանց օգտագործման հարցն, այդ թվում նախատեսվում են դատավարություններ, որոնք դժվար թե ավարտին հասնեն մինչև նոյեմբեր, ուստի Ադրբեջանը կարող է ազատ արձակել այլ ռազմագերիներին, բայց ոչ քաղբանտարկյալներին»:
Էմմա Մարտիրոսյան