Քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացը մեր օրակարգում է լինելու․ ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 ArmLur.am-ի զրուցակիցը «Նոր ուժ» կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանն է։

-Պարո՛ն Երիցյան, ամիսներ առաջ հիմնված «Նոր ուժ» քաղաքական կուսակցությունը հիմնադիր-համագումարից հետո պասիվ է, որևէ նախաձեռնությամբ հանդես չի եկել։ Ինչո՞վ է զբաղված կուսակցությունը։

-Սեպտեմբերից սկսած պետք է հանդիպենք մարզերի մեր համախոհների հետ, կուսակցությունը զարգացնենք։ Հայկ Մարությանն էլ հանդիպումներին կմասնակցի, նոր մարդկանց կներգրավենք մեր թիմում, մարզային կառույցներ կստեղծենք։ Երևանի ավագանիում նույնպես շարունակելու ենք մեր աշխատանքը, քանի որ մեկ տարին լրանում է, քաղաքապետի պաշտոնավարման մեր օրակարգում է լինելու նաև անվստահություն հայտնելու գործընթացը, մենք փորձելու ենք մյուս ընդդիմադիր խմբակցությունների հետ համագործակցենք, տեսնենք՝ ինչ տրամադրվածություն կա նրանց մոտ։ Թեև ավագանիում մեկ ուժ կա, պարզ չի՝ ընդդիմադիր է, թե ոչ, բայց պետք է հասկանալ, եթե հնարավորություն կա այդ գործիքը կիրառելու՝ կիրառենք։

Չնայած մամուլում կան տեղեկություններ, որ հենց «Քաղաքացիական պայմանագիրն» էլ կարող է նման նախաձեռնություն սկսել, եթե լինի՝ դրա շուրջ կհասկանանք մեր անելիքները, սեպտեմբերից դրա հնարավորության ուղղությամբ։

-«Հանրային ձայնը»-ը իշխանության նախագծերն է դակում միայն, վստահ ե՞ք, որ կմիանան նախաձեռնությանը և ընդդիմության ձայները կբավականացնի անվստահության գործընթացի համար։

-Եթե «Հանրային ձայնն» էլ միանա, ապա 33 ձայն բավարար է, ընդդիմությունն ավագանիում մեծամասնություն է։ Մեր խնդիրն այն է, որ «Հանրային ձայն» խմբակցության ձայները ամբողջական չեն, Տիգրան Ուրիխանյանը մանդատը վայր դրեց՝ նրան նոր անդամ կփոխարինի, իսկ Արտակ Սարգսյանը չի գալիս նիստերին, այս հարցը պետք է հասկանանք։

-Պարո՛ն Երիցյան, սեպտեմբերից նաև «Տավուշը հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժումն է փողոցային պայքարը վերսկսելու՝ խորհրդարանական և արտախորհրդարանական մի շարք ուժերի հետ։ Ձեր կուսակցությունը աջակցելո՞ւ է շարժմանը, մասնակցելու՞ եք հանրահավաքներին։

-Մենք այս մասին խոսել ենք, Հայկ Մարությանն էլ է հայտարարել, որ քաղաքական ճգնաժամի լուծումը տեսնում ենք արտահերթ ընտրություններով, իսկ այդ շարժման անդամները հետաքրքրված չեն ընտրություններով, այլ գործելaոճ ունեն։ Մեզ համար շարժման մեջ ներգրավված մարդիկ կան, ովքեր անընդունելի են։

-Ովքե՞ր են այդ մարդիկ։

-Նախկին ռեժիմի տարբեր ներկայացուցիչներ։ Մենք իսկզբանե ասել ենք, որ և՛ գործող, և՛ նախկին իշխանություններին դեմ ենք, դա նաև ցույց տվեցինք ավագանու ընտրություններով՝ կոալիցիայի չգնալով նրանց հետ,այս սկզբունքը պետք է պահենք։

Մենք հարգում ենք այն մարդկանց, ովքեր դժգոհ են այս իշխանույթուններից ու մասնակցում են շարժմանը, բայց քաղաքական տեսանկյունից ունենք արժեքային անհամատեղելիություն է։ Մենք արտահերթ ընտրությունների կողմնակից ենք՝ թե՛ քաղաքի, թե՛ երկրի մակարդակով և չենք կարծում, որ իշխանության գալու այլ ձևեր կան։ Սա այն սկզբունքային հարցն է, որի մասով տարաձայնություն կա շարժման հետ։

-Պարո՛ն Երիցյան, բայց մարդկանց մի մասն էլ հենց Հայկ Մարությանին է խիստ քննադատում նրա համար, որ երբ երկրում որևէ կարևոր իրադարձություն է տեղի ունենում, նա անհետանում է ու, առհասարակ, շատ խուսափողական քաղաքականություն է վարում։

-Մեր կուսակցության ստեղծումը հենց նրա համար էր, որ քաղաքական գործընթացներին մասնակցենք։ Մինչև սա՝ Հայկ Մարությանն իր կարծիքը հայտնել է, թե՛ Լեռնային Ղարաբաղի դեպքերի, տեղահանման, թե՛ շարժման, թե՛ մյուս կարևոր իրադարձություններին արձագանքել է, բայց գուցե սպասելիքները շատ են եղել նրանից։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս