Դեռ այս տարվա մայիսին ուռուցքաբան Գևորգ Թամամյանը գրեց, որ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն, բժիշկ Սամվել Դանիելյանն ազատվել է աշխատանքից։ Ի պատասխան այդ որոշման՝ ինքը՝ Գևորգ Թամամյանը ևս ներկայացրեց ազատման դիմում։
Հայտարարությանը զուգահեռ բժիշկը գրել էր․
«Մեծ պատիվ է լինել բժիշկ Դանիելյանի աշակերտը, և չեմ հանդուրժելու որևէ անարդարություն, առավել ևս, երբ այս ամենն ունի քաղաքական հիմքեր։ Քիչ մնաց, պինդ կացեք»։
Ավելի ուշ Թամամյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ իր որոշման պատճառն այն է, որ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն բժիշկ Սամվել Դանիելյանին աշխատանքից ազատել են Բագրատ Սրբազանի հետ երթի ժամանակ ողջագուրվելու համար։
Դեպքից անցել է գրեթե 3 ամիս և ArmLur.am-ը զրուցել է ուռուցքաբան Գևորգ Թամամյանի հետ՝ տեղեկանալով, թե ինչ գործունեություն են ծավալում ուռուցքաբանը և բժիշկ Սամվել Դանիելյանը։
«Հիմա ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչն եմ, նաև 2024 թվականին ընտրվել եմ Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական աշխարհամասի (SIOP Asia) նախագահ, ակտիվ զբաղվում եմ տարբեր նախագծերով։ Ուռուցքաբանության հետազոտական ինստիտուտի Իմունաուռուցքաբանության հետազոտական կենտրոնի տնօրենն եմ վաղուց, գիտական աշխատանքներ ենք անում, կլինիկական և քաղցկեղի ոլորտի հետազոտություններ ենք զարգացնում։ Նախկին աշխատատեղի հետ կապ ունեմ միայն գործընկերներիս հետ, բայց աշխատանքս դադարեցրել եմ»։
Խոսելով Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի նախկին տնօրեն, դոցենտ Սամվել Դանիելյանի ներկայիս գործունեության մասին՝ Թամամյանն ասաց, որ ակտիվ գիտական գործունեության մեջ է դոցենտը, ներկայումս աշխատում է մի քանի երկրներ ներառող հետազոտության վրա, որի համաղեկավարներից մեկն է։
Թամամյանը նշում է, որ աշխատանքի առաջարկներ այլ հիվանդանոցներից եղել են, սակայն դրանք ընդունելու ժամանակ չունի և զբաղվածության պատճառով մերժել է։
Էմմա Միքայելյան