ՀՀ կառավարությունն արցախցիների համար բնակարան ձեռք բերելու աջակցության ծրագիր է ներկայացրել, որը հավանության է արժանացել կառավարության՝ մայիսի 16-ի նիստում։ Ծրագրի նպատակն է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմից, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Արցախից բռնի տեղահանված շուրջ 25 000 ընտանիքների Հայաստանում բնակարանով ապահովել։ Ծրագրի մասնակիցներին կառավարությունը կտրամադրի բնակարանի ձեռքբերման կամ տան կառուցման հավաստագրեր:
Ծրագիրն իրականացվելու է հինգ տարիների ընթացքում (2024-2029թթ.)՝ երեք փուլերով։ Բնակարանների ձեռքբերման առաջին հավաստագրերը տրվելու են հուլիսի 15-ից։
ArmLur.am-ը կապ հաստատեց Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանի հետ՝ հասկանալու՝ թե ինչ փուլում է ծրագիրը և քանի քաղաքացի է դիմել։ Վերջինս ասաց, որ ավելի քան 450 դիմում կա, և շուրջ 30 ընտանիք ստացել է աջակցությունը, և իրենց տրամադրվել է հավաստագիր: Հայտեր կան, որ ուսումնասիրման փուլում են:
«Ունենք մերժված դիմումներ, որոնք պայմանավորված են նրանով, որ հայրենակիցները բնակարանների ապահովման ծրագրին չեն համապատասխանել»:
Էմմա Մարտիրոսյան