Բագրատ Սրբազանն անդրադարձել է հարսանիքի ժամանակ թրի վրա 20 000 դրամանոցներ շարող ՆԳ նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարություն կոչվածն անհաղորդ է երկրի խնդիրներին՝ հանցավորության աճը, մարդկանց սոցիալական վիճակը, այլ բազմաթիվ խնդիրներ նրանց չեն հետաքրքրում: Այս մասին ասաց Բագրատ Սրբազանը՝ Դավթաշենում բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

«Պատրանքներ ստեղծելով, սուտ պատկերներ ներկայացնելով, այստեղ-այնտեղ գնալով, մարդկանց պարտադրանքով բերելով հանդիպման՝ ցույց են տալիս՝ ինչքան «երջանիկ են» այս մարդիկ։ Իրականում մարդկանց կյանքով հետաքրքրված չեն․ իրենց հեծանիվով են հետաքրքրված, արձակուրդով»,- ասաց Սրբազանը։

Անդրադառնալով երեկ Չարենցավանում տեղի ունեցած հարսանիքին, որին մասնակցել են նաև Նիկոլ Փաշինյանը, նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը և ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ով հարսանիքի քավորն էր, Սրբազանն ասաց․

«Այսօր համացանցում տեսա, ճանապարհին ինձ ցույց տվին՝ ինչպես է Ներքին գործերի նախարարը՝ լայն, թիկնեղ, «նիհար» տղան իր ամբողջ «հմայքով» կանգնած այն «աթլետիկ կազմվածքով» մարդու կողքին (Նիկոլ Փաշինյանի-խմբ․), գրպանից գումարները հանում, դնում է թրի վրա․․․ ավանդություն կա չէ՞, որ երեխաները դուռը փակում են՝ հարսին դուրս հանելիս։ Մարդը գումարներ է դնում։ Չի էլ ամաչում․ պաշտոնյայի էթիկան դա՞ է։ Չեմ ասում՝ էդ փողերը քեզ որտեղից։ Բայց էթիկան դա՞ է պաշտոնյայի՝ գրպանից գումարներ հանել, դնել ինչ-որ թրերի վրա՞։ Սա նկարագիր է։ Բարոյական այն չեղած ցուցիչն է, որը սրանց միջոցով արտաահայտված է»։




Լրահոս