Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարում այսօր հանդես է եկել 800 մետր վազք մրցատարածությունում և ցույց տվել 1:49.91 վայրկյան արդյունք, ինչը Հայաստանի նոր ռեկորդ է։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Ամփոփելով իր մրցելույթը՝ Երվանդ Մկրտչյանը նշել է՝ առաջին Օլիմպիական խաղերին մասնակցությունը կարելի է հաջող համարել Հայաստանի ռեկորդ սահմանելու առումով. «Լավ է, որ Հայաստանի ռեկորդ սահմանեցի, բայց ինձնից այնքան էլ գոհ չեմ, քանի որ կարծում եմ՝ սա իմ առավելագույնը չէր: Վաղը ևս մեկ մեկնարկ ունեմ. կփորձեմ բարելավել արդյունքս: Ես միջին տարածությունների վազորդ եմ՝ 800 և 1500 մետր, որոնք իրար բավական մոտ են: Կարծում եմ՝ արագության խնդիր ունեցա, ինչի վրա պետք է աշխատեմ»:
Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում անցկացվող աթլետիկայի մրցումներին շուրջ 70 հազար հանդիսական էր հետևում: Երվանդ Մկրտչյանը խոստովանում է՝ սա մեծ ճնշում էր. «Առաջին անգամ էի այսքան մեծ թվով հանդիսականների ներկայությամբ վազում: Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների եմ մասնակցել, բայց նման բան չէի տեսել: Մթնոլորտը շատ տպավորիչ էր, բայց նաև՝ ճնշող: Կարծում եմ՝ ամեն ինչ լավ է ընթանում: Կազմակերպչական առումով ամեն ինչ շատ բարձր մակարդակի է: Ինչ վերաբերում է իմ մարզումներին, ապա վերջին երկու շաբաթում հենց Փարիզում շատ լավ պատրաստություն եմ անցել և բարձր տրամադրություն ունեմ»:
Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը Երվանդ Մկրտչյանի ցույց տված արդյունքը բավարար է համարում:
«Երվանդը Հայաստանի առաջատար վազորդներից է. շատ ուրախ եմ, որ զգաց Օլիմպիական խաղերի շունչը, փորձ ձեռք բերեց և նաև Հայաստանի ռեկորդ սահմանեց: Հուսով եմ՝ վաղվա մրցելույթում էլ ավելի կլավացնի իր արդյունքը: Աթլետիկայի մրցումներն Օլիմպիական խաղերի զարդն են: Իհարկե, կցանկանայի, որ Հայաստանի աթլետիկայի հավաքականի ավելի մեծ թվով մարզիկներ լինեին այստեղ ու մասնակցեին այս խաղերին»,- ասել է Ռոբերտ Էմմիյանը: