ՀՀ քաղաքացին նոր անձնագիր և նույնականացման քարտ կստանա․ Սարգսյանը՝ նոր բիոմետրիկ անձնագրերի համակարգի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց նախագծի փոփոխությունները, որոնք վերաբերում են պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով ՀՀ քաղաքացիներին նոր ձևաչափով նույնականացման քարտեր և բիոմետրիկ անձնագրեր տրամադրելու ծրագրի իրականացմանը։

Նրա խոսքով՝ այս նախագծով կարգավորվում են արդեն երկրորդ՝ բուն մրցութային ձևաչափին վերաբերող հարցեր, որոնք թույլ կտան ավելի որակյալ իրականացնել պրոցեսը և ընտրել լավագույն մատակարարին, որը կկարողանա մատուցել ծառայությունը․

«Երբ մեկնարկում էր ծրագիրը, մենք նախ իրականացրել ենք շուկայի ուսումնասիրություն, որպեսզի հասկանանք՝ ինչպիսի մատակարարներ կան և ինչպիսի առաջարկ կարող են տրամադրել մեր կարիքներին համապատասխան։ Դրա հիման վրա ձևավորվել է ծրագիրը։ Առաջինը եղել է որակի համապատասխանության փուլը, որի շրջանակներում ունեցել ենք 5 միջազգային առաջատար ընկերությունների հայտավորում, որոնք միջազգային ասպարեզում բիոմետրիկ անձնագրերի, նույնականացման քարտերի և նորարարական լուծումների մատուցման տեսանկյունից ունեն բավական հարուստ փորձառություն»,- ասաց նա։

Փոխնախարարը նկատեց՝ 5 առաջատար ընկերությունից որակավորվել է 3 արտասահմանյան ընկերություն՝ 2 գերմանական և 1 ֆրանսիական։ Առաջին փուլի արդյունքում հանրայնացվել են 3 որակավորված հայտատուի տվյալներ։ 2-րդ փուլին ընդառաջ, որը բուն մրցույթն է, պետք է ընտրվի հաղթող թեկնածու․ «Ըստ էության, առաջարկի հարցումն է, որին նախորդում է այս 3 հայտատուի հետ բանակցությունների փուլը։ Այժմ բանակցությունների փուլն է, և մենք հայտատուներից ունենք խնդրանք, որպեսզի մի փոքր երկարաձգենք իրենց կողմից վերջնական առաջարկների և խնդիրների քննարկման փուլը, որպեսզի մենք առաջարկի հարցումը ձևակերպենք շատ ավելի գրագետ և վերջնական, որովհետև այս փուլն ամբողջ պրոցեսի ամենակարևոր փուլն է, և այստեղ սխալվելու հավանականություն ունենալ չենք կարող»։

Մինչև տարեվերջ գործընկերները կարող են ներկայացնել իրենց վերջնական առաջարկը ծառայությունները մատուցելու համար։ 2025 թվականի սկզբին կսկսվի գնահատման պրոցեսը։ Մարտին կլինի հաղթող ընկերություն, որին կհաջորդի պայմանագրի կնքումը, հաղթած ընկերությունը 10 տարի ժամկետ կունենա ծառայությունը մատուցելու համար։




Լրահոս