Armenian text to speach

Ռուսաստանի մարզերը ենթարկվել են ԱԹՍ-ների զանգվածային հարձակման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանի իշխանությունները հայտնել են, որ գիշերը մի քանի մարզեր ենթարկվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։

Լիպեցկի նահանգապետ Իգոր Արտամոնովը հայտնել է, որ մարզում ԱԹՍ-ների զանգվածային հարձակման հետևանքով կա 9 վիրավոր։

Լիպեցկի շրջանում սահմանվել է արտակարգ դրության ռեժիմ՝ պայթյունների հետևանքները վերացնելու համար։

Նահանգապետը հայտնել է, որ վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտ, արձանագրվել են էլեկտրամատակարարման խափանումներ։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն իր հերթին հայտնել է Լիպեցկի մարզի ռազմական օդանավակայանում բռնկված հրդեհի մասին։ Օդանավակայանը գտնվում է այն բնակավայրերի մերձակայքում, որոնցից ավելի վաղ կատարվել է բնակչության տարհանում։ Ըստ նահանգապետ Արտամոնովի՝ բնակիչների անվտանգությունն ապահովելու համար տարհանում է իրականացվել Կոպցևի Խուտորա, Ֆեդորովկա, Յակովլևկա, Տինկովկա բնակավայրերից։

Մարզի մի քանի բնակավայրերի բնակիչներին տարհանել են, Լիպեցկ քաղաքում և Լիպեցկի շրջանում դադարեցվել է ուղևորատար տրանսպորտի երթևեկությունը։ Մարզում չեղարկվել են բոլոր զանգվածային միջոցառումները։

Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ Լիպեցկի մարզի երկնքում գիշերը խոցվել է 19 ինքնաթիռային տիպի ԱԹՍ, իսկ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի տարածքում՝ 75 ԱԹՍ։

Զանգվածային հարվածների է ենթարկվել նաև Բելգորոդի մարզը, որի երկնքում խոցվել է 29 ԱԹՍ։ Վնասվել են բնակելի տներ, մեքենաներ, բազմաբնակարան շենքի մի քանի բնակարաններում հրդեհ է բռնկվել։

Կուրսկի մարզը, որտեղ օգոստոսի 6-ից մարտեր էին ընթանում սահմանից ներթափանցած ուկրաինական ուժերի դեմ, նույնպես ենթարկվել է հրթիռների և ԱԹՍ-ների հարձակման։ Ըստ Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովի՝ գիշերը մարզի երկնքում խոցվել է 4 հրթիռ, 4 ինքնաթիռային տիպի ԱԹՍ։

Բացի այդ, ԱԹՍ-ներ են խոցվել նաև Բրյանսկի, Վորոնեժի և Օռլովի մարզերում, Սև ծովի երկնքում և Ղրիմում։




Լրահոս