ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ քայլեր է ձեռնարկում քաղաքապետարանը շրջիկ երաժիշտների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաք Երևանը մշտապես աչքի է ընկնում իր հյուրընկալությամբ, մարդաշատ փողոցներով, տեսարժան վայրերով և չնայած այս ամենին հենց մայրաքաղաքում տիրում է խառն ու աղմկոտ իրավիճակ։

Բանն այն է, որ հենց քաղաքի կենտրոնում՝ հյուսիսային պողոտայում, շրջիկ երաժիշտները, ովքեր փողոցներում նվագելով են վաստակում իրենց ապրուստը, իրարից չնչին հեռավորության վրա են գտնվում և միասին նվագելով իրենց երաժշտական գործիքները՝ ստեղծում են խառնաշփոթ։

Այս առթիվ դժգոհությունները ևս չեն դադարում, քանի որ երեկոյան զբոսանքի դուրս եկած շատ քաղաքացիների անհանգստացնում է այդ աղմուկը։

ArmLur.am-ն այս հարցով կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ՝ պարզելու՝ ի՞նչ է ձեռնարկվում այս ամենի համար, քանի որ սույն թվականի հունիսի 3-ին վերջինս սոցցանցի իր էջում հրապարակում էր կատարել, որում մասնավորապես ասվում էր՝ շրջիկ երաժիշտների մշակութային գործունեությունն արգելվելու է որոշ տարածքներում։

ArmLur.am-ի հետ զրույցում Կոստանյանն ասաց․

«Այդ հարցերը լուծվում են ավագանու համապատասխան որոշումներով, և քանի որ մինչև սեպտեմբերի 10-ը որևիցե ավագանու նիստ չունենք, հետևապես մոտակա 1 ամսվա ընթացքում որևիցե լուծում հնարավոր չի։ Թե ավագանիներն ինչ կորոշեն տվյալ հարցի հետ կապված՝ կդժվարանամ պատասխանել»։

Ստացվում է այնպես, որ երևանցին կամ դրսից եկած հյուրերն այս 1 ամսվա ընթացքում պետք է «վայելեն» այդ աղմուկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս