Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անհրաժեշտ է համարում պաշտպանության և անվտանգության ոլորտում Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության ամրապնդումը։ Այս մասին նա հայտնել է Աստանայում Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 6-րդ խորհրդակցական հանդիպման ժամանակ։
«Աշխարհում աճող սպառնալիքներն ու մարտահրավերները պահանջում են պաշտպանության և անվտանգության ոլորտում մեր երկրների միջև համագործակցության ավելի մեծ ամրապնդում», – Ադրբեջանի ղեկավարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Այս համատեքստում Ալիևն առանձնապես ընդգծել է հուլիսին Ղազախստանում անցկացված «Բիռլեստիկ-2024» միջազգային օպերատիվ-մարտավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնց մասնակցել է նաև Ադրբեջանը։ Նրա խոսքով` պաշտպանության ոլորտում հարաբերությունների զարգացման ցուցանիշ է նաև Կենտրոնական Ասիայի երկրների կուրսանտների ուսուցումն Ադրբեջանի ռազմաուսումնական հաստատություններում: