ArmLur.am-ն այսօր փաստաբան Երեմ Սարգսյանի հետ զրուցել է Սեւանի աղմկահարույց կրակոցների մասին, ինչի հետևանքով սպանվեց Սևանի ավագանու անդամ Արսեն Աֆիյանը: Վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է իր պաշտպանյալ քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի եղբոր որդու՝ Լևոն Բանդուրյանի գործողություններին: Փաստաբանի հետ վերլուծել ենք աղմկահարույց կրակոցների տեսանյութն ու փորձել հասկանալ, թե ինչու այս դեպքից հետո իրավապահները հիշեցին քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանին՝ Նորատուսցի Ալիկին:
Հիշեցնենք, ըստ նախաքննական մարմնի, 2024 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ Արսեն Աֆիյանը, Աբովյան քաղաքի 42-ամյա բնակիչը, վերջինիս կինը և ևս երկու անձ հաճախել են Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Երևանյան փողոցում տեղակայված հանգստյան գոտու ռեստորան, որտեղ ցանկացել են ընթրել։ Մատուցողին պատվեր տալիս հիշյալ հանգստյան գոտում հանգստացող 19-ամյա երիտասարդը՝ Լ․ Բ․-ն և 40-ամյա տղամարդը՝ Մ․Փ․-ն, դուրս գալով առանձնատնից, պահանջել են բարձր չխոսել։ 37 և 42-ամյա տղամարդիկ, հակադարձելով այդ պահանջներին, հայտնել են, որ իրենք բարձր չեն խոսում։
Նշված չնչին առիթն օգտագործելով՝ Լ․Բ․-ն, Մ․Փ․-ն, Դ․Հ․-ն և ինքնությունը դեռևս չպարզված մի տղամարդ, մոտենալով ռեստորանի բացօթյա հատվածին, մուտքի մոտ հանդիպել են իրենց ընդառաջ եկող 37 և 42-ամյա տղամարդկանց։ Իրենց ենթադրյալ առավելություններն ու գերակայությունն ընդգծելու, ներկաների և այլ անձանց մոտ սարսափ առաջացնելու նպատակով, անտեսելով հանգստյան գոտում գտնվող այլ հաճախորդների ու աշխատողների ներկայությունը, նրանք փոխադարձ քաշքշուկի և վիճաբանության մեջ են մտել հիշյալ երկու տղամարդկանց հետ։ Այդ ընթացքում հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, գոռգոռացել են, ոտքերով և ձեռքերով հարվածել միմյանց մարմնի տարբեր մասերին:
Այդ ընթացքում տեսնելով, որ 42-ամյա տղամարդը ակոսափող ատրճանակ է հանել, Մ․Փ․-ն նրան գցել է գետնին: Ապա հիշյալ առանձնատնից վերցնելով ապօրինի կերպով պահվող ակոսափող հրազենը՝ մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, նախ այլ անձանց կյանքի և առողջության համար վտանգավոր եղանակով կրակոց է արձակել 42-ամյա տղամարդու ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, որից հետո վերցրել է վերջինիս ակոսափող ատրճանակը և դրել իր գոտկատեղում։
Այնուհետև Մ․Փ․-ն կրակոց է արձակել հանգստյան գոտու անվտանգության աշխատակցի ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր, ծանր վնաս, որից հետո, Արսեն Աֆիյանին կյանքից զրկելու նպատակով, կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ։ Վերջինս, որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից գիտակցության չգալով, բժշկական կենտրոնում մահացել է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան