Գրեթե 1 շաբաթ է, ինչ Մերձավոր արևելքում ռազմական գործողություններ են սկսվել, ամեն բան սկսվեց, երբ Իսրայելը հարվածեց Հըզբալլահին։
Այս ամենով, իհարկե, հետաքրքրվում են նաև այստեղ՝ Հայաստանում, քանի որ շատերի կարծիքով այդ հակամարտությունների թեժանալու դեպքում մեր տարածաշրջանն անմասն չի կարող մնալ, և այդ ամենն իրենից լուրջ վտանգներ է ներկայացնում։
Պարզելու համար՝ ինչպե՞ս կարող է Իրան-Իսրայել հակամարտությունն ազդել Հարավային կովկասի և հատկապես Հայաստանի վրա, ArmLur.am-ը կապ հաստատեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։
Նահապետյանի խոսքով՝ պատերազմ լինելու դեպքում այն լինելու է կործանարար։
«Եթե պատերազմ, ապա կործանարար՝ ոչ միայն տարածաշրջանի համար, այլև ամբողջ աշխարհի համար, որը հղի է միջուկային պատերազմով, քանզի եթե իրոք պատերազմ լինի՝ ցամաքային գործողություններ Իրանի և Իսրայելի տարածքում, դա նշանակում է, որ առնվազն Իրանի հեռաբալիստիկ և լուսաձայնային արագությամբ հրթիռները հասանելի են Իսրայելի քիմիական գործարաններին և միջուկային զենքի պահեստարաններին ու կենտրոններին։ Դա նշանակում է, որ փոքր տարածք է։ Հայաստանից ավելի փոքր տարածք է Իսրայելը, այդ պայթյունների հետևանքով կդառնա ուղղակի անմարդաբնակ տարածք։ Ես կարծում եմ, որ Իսրայելը, այդ հարվածների ժամանակ ունենալով մի քանի հարյուր միավոր միջուկային մարտագլխիկային հրթիռներ, իրենք ևս կհարվածեն իրար և բնականաբար տարածաշրջանն արդեն միջուկային զենքի օգտագործման մի հսկայական բարձի տակ պետք է լինի։
Վերջինս նկատում է՝ տարածաշրջանը պայթեցնելու 2 շահառուներ կան։
«Այստեղ տարածաշրջանը պայթեցնելու 2 շահառու կա և իրենք ամեն բան անում են, որ պայթեցնեն։ Թիվ մեկ շահառուն Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն է։ Ինչո՞ւ է նա շահագրգիռ, որ պատերազմը հաղթի, որն ինքը փաստացի անցյալ տարի հոկտեմբերի 7-ից առ այսօր չի կարողանում հաղթել՝ 1,5 Երևանի չափ տարածքում՝ Գազայի հատվածում։ Առ այսօր այն չի կարողանում հաղթել։Որպեսզի իր պարտությունը քողարկի, որն իր համար իշխանություն կարող է արժանանալ, այլև նրան ամենայն հավանականությամբ կկալանավորեն Իսրայելի ապագա իշխանությունները։ Չեմ բացառում, որ վրեժխնդրության խնդիր լինի նաև։
Երկրորդ շահառուն Միացյալ Նահանգների գործող վարչախումբն է։ Նրանք էլ փորձում են 2024 թվականի նոյեմբերի Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում հաղթել։ Հաղթելու համար լուրջ խաղաքարտեր են պետք, իսկ այդ լուրջ խաղաքարտը իրականում իր դաշնակցի մարտի դաշտում հաղթանակն է։ Իսրայելի հաղթանակն այդ պատերազմում դուռ է բացում Քամալա Հարիսի՝ 2024 թվականին նախագահ ընտրվելու համար»,-ասաց Նահապետյանը՝ ավարտելով զրույցը։
Աննա Սրապիոնյան