Պղծել են հուշարձանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյան քաղաքից 33 կմ հեռավորությամբ գտնվող սահմանամերձ Բարեկամավան գյուղի դիմացի բարձունքում հառնում է հռչակավոր Բարձրյալ Խաչ հուշարձանը: Այն նախաքրիստոնեական շրջանի բազմանիստ աշտարակաձև դամբարան է:

Միջնադարում կոթողը քրիստոնեական է դարձել. լուսամուտին խաչ է ագուցվել, ներսում, որպես բեմի սեղան, կանգնեցվել է խաչքար, և դամբարանը վերածվել է մատուռի: Սակայն ժողովրդի հիշողության մեջ պահպանվում է կառույցի հեթանոսական ծագումը: Դրա վկայությունն է այն, որ դամբարանի կողքի ծառին մարդիկ, ի նշան հեթանոսական հավատքի, այժմ էլ տարբեր գույնի կտորների ծվեններ են կապում:

2004թ. պետբյուջեից 20 միլիոն դրամ է հատկացվել հուշարձանի հիմնանորոգման համար: Այն իրականացրել է Ալավերդուց շինարարական մի կազմակերպություն: 2004-ի դեկտեմբերին կոթողի նորոգումն ավարտվել է, սակայն տանիքը նախկինի պես բաց է մնում:

Եվ չնայած դրան` 2005թ. ՀՀ վարչապետի աշխատակազմը ստուգելով պարզել է, որ շինարարները, նորոգման գումարը նպատակային են ծախսել: Նշենք, որ կոթողի տարբեր կողմերում թափված են Բարձյալ Խաչի պատերի քարերը, բայց դրանց  փոխարեն կլոր պատի մեջ Նոյեմբերյանի Զորական գյուղի ֆելզիտից 3 նոր շար են կառուցել:

Նոր տեղադրված քարերն ուրիշ տեսակի և գույնի են: Մինչդեռ կառույցի մաս կազմած և նորոգման ընթացքում այդպես էլ չօգտագործած քարերն այնքան շատ են, որ դամբարանի առաջ դրանցից մեծ կույտ, պատնեշ է գոյացել:

1990թ. վերանորոգման նպատակով կառույցը քանդել են, սակայն սահմանագոտում ծավալված  կռիվները խանգարել են վերանորոգումը սկսելուն: Հազարամյակների պատմություն ունեցող կառույցի պատերին տեսանելի են ադրբեջանցիների բարբարոսությունների հետքերը.

1990թ-ին ադրբեջանցիները բազմիցս եկել, քեֆ են արել Բարեկամավանի այդ տարածքում ՝  Գոլի աղբյուրի մոտ, և գինովցած կրակել հայկական սրբավայրի վրա:

Սակայն սրբավայրն ավելի շատ վնասել են նորոգումն իրականացրած շինարարները: Նրանք, ասես, ոչ թե նշանավոր հուշարձանի,այլ գոմի ծուռումուռ պատեր են շարել: Նոր շարերը մի տեղում պատից ակնհայտորեն դուրս են ընկել, ուրիշ տեղերում `  մեծ չափով ներս ընկել:

Շինարարները ձևափոխել են նաև կլոր դամբարանի մուտքը. նախկինում դռան բացվածքը դեպի արևմուտք թեք է եղել, հիմա ուղիղ բացվածք է: Բացի այդ, շինարարները կառույցի հիմքը բազալտով շրջանաձև սալապատել են` նորից աղավաղելով դամբարանի սկզբնական տեսքը:

Այս հուշարձանը ևս ապացուցում է, որ մեր ազգը սահմանամերձ տարածքում, Քուռ գետից ուղիղ գծով մոտ 15 կմ հեռավորության վրա, ապրել է հնուց ի վեր և ստեղծել մեծարժեք կոթողներ: Եվ մինչ հարևան ադրբեջանցիներն իրենց համար պատմություն են հորինում, քանդում հայկական հուշարձանները, Հայաստանի տարածքում հազարամյակների հնություն ունեցող սրբավայրը բյուջեի փողերով, աղավաղվում  է:

Ոսկան Սարգսյան

Տավուշ




Լրահոս