Միլիարդատեր Ամբանիի ընտանիքի կարողությունը կազմում է Հնդկաստանի ՀՆԱ-ի գրեթե 10 %-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստանի Reliance Industries խոշորագույն բիզնես կայսրության սեփականատեր Մուկեշ Ամբանիի ընտանիքի կարողությունը հասնում է 25,7 տրիլիոն ռուփիի (385,5 միլիարդ դոլարի), որը կազմում է Հնդկաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) գրեթե մեկ տասներորդ մասը: Այս  մասին իր հաշվետվության մեջ հայտնել է Barclays-Hurun India բանկը։

2024 թվականի մարտի 20-ի դրությամբ Ամբանիի ընտանիքի հարստությունը գնահատելիս բանկը բացառել է մասնավոր ներդրումները և լիկվիդային ակտիվները՝ հաշվելով Ամբանի ընտանիքի յոթ անդամների մասնաբաժինը Reliance, Jio Platforms, Reliance Retail և այլ ընկերություններում, որոնք մտնում են  Reliance Industries-ի կազմի մեջ:

Ամբանիի բիզնես կայսրությունը հիմնականում գործում է էներգետիկայի, մանրածախ առևտրի և հեռահաղորդակցությունների հատվածներում:

Ըստ The National պարբերականի՝ Ամբանին հուլիսին որդու հարսանիքի վրա ծախսել է շուրջ 600 միլիոն դոլար։ Հարսանիքի տոնախմբությունները տևել են մի քանի օր՝ աշխարհահռչակ հյուրերի մասնակցությամբ։

Հնդիկ գործարարների խոշորագույն ընտանեկան կարողությունների ցանկի երկրորդ և երրորդ տեղերում Barclays-Hurun India-ն զետեղել է միլիարդատերեր Նիրաջ Բաջաջի (ավտոմոբիլների արտադրություն) և Կումար Բիրլայի (օգտակար հանածոների արդյունահանում, ցեմենտի արտադրություն և ֆինանսական ծառայությունների մատուցում) ընտանիքները:

Հնդկաստանի երեք խոշորագույն արդյունաբերական-առևտրային կոնգլոմերատների սեփականատերերի ընդհանուր ընտանեկան ակտիվները բանկը գնահատել է 460 միլիարդ դոլար, ինչը համարժեք է Սինգապուրի ՀՆԱ-ին:




Լրահոս