Երեխաները դպրոց չեն կարողանում ընդունվել․ դպրոցի փոխտնօրենը մանրամասնում է, թե ինչու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ գրել էինք, որ ահազանգ ենք ստացել այն մասին, որ քաղաքացին չի կարողանում իր երեխային ընդունել դպրոց, քանի որ դպրոցում թափուր տեղեր չկան։

ArmLur.am-ն այս խնդրով դիմել է ԿԳՄՍՆ, որտեղից էլ մեզ հայտնել էին, որ լիցենզիայով սահմանված թափուր տեղերի քանակով է կարելի ընդունվել դպրոց և այդ տեղերը սպառվելու դեպքում պետք է դիմել այլ դպրոց։

Հիշեցնենք, որ փորձել էինք կապ հաստատել Սերո Խանզադյանի անվան համար 184 ավագ դպրոցի փոխտնօրեն Գոհար Գևորգյանի հետ, որը մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում։

ArmLur.am-ը կապ է հաստատել վերջինիս հետ և ստացել հուզող հարցերի պատասխանները։

Հարցին՝ արդյո՞ք լրացել են լիցենզիայով սահմանված թափուր տեղերը, փոխտնօրենն ասաց․

«Լիցենզիայով սահմանված սովորողների քանակն ավելի շատ է, քան մեր դպրոցի հնարավորությունները։ Այս տարի կրթության մեջ նոր չափորոշիչներ կան. կրթությունը 10-րդ դասարաններում պետք է անցկացվի նոր չափորոշիչներով և ըստ այդ չափորոշիչների՝ ձևավորվում են նպատակային խմբեր, այսինքն, եթե առաջ դասարաններ էին, ապա այս տարվանից ձևավորվում են նպատակային խմբեր։ Այսինքն այդ խմբերը կարող են լինել 9 հոգանոց, 10 հոգանոց, ու ըստ նպատակային խմբերի՝ մենք պետք է կազմենք դասացուցակ, այսինքն՝ մեզ անհրաժեշտ են դասասենյակներ, որպեսզի կարողանանք սովորողներին տեղավորել։ Մեր դասասենյակները չափից շատ փոքր են, որովհետև մեր շենքի պայմանները չեն ներում, որ չափորոշիչներին համապատասխան սովորողների ընդունենք։ Այս տարվանից 1 սովորողին դպրոցը պարտավոր է տրամադրել 2 մետր քառակուսի տարածք, բայց մեր դպրոցը մանկապարտեզի հին շենք է, և մեր դասասենյակներում չենք կարողանում սովորողին ապահովել այդքան ազատ տարածություն։ Մի բան էլ՝ իրար գլխի լցված են մի դասասենյակում երեխաները»։

Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ ընդունելության սկզբնական շրջանում դիմողների այնպիսի հոսք է եղել, որ բոլոր դիմողներին, անկախ գնահատականից ընդունել են։

«Սկզբնական շրջանում ընդունելության համար այնպիսի հոսք եղավ, մենք բոլորին անկախ գնահատականից ընդունեցինք, երեխայի իրավունքն է, որ պետք է սովորի ավագ դպրոցում ու մեր պարտականությունն է, որ, անկախ ամեն ինչից, մենք պարտավոր ենք սովորողին ընդունել, բայց քանի որ մեր դպրոցի պայմանները չներեց, մենք որոշակի տեղերում արդեն ընդհանրապես թափուր տեղեր չունենք, իրոք լրացած է»,- ասաց փոխտնօրենը։

Փոխտնօրենը նաև հավելեց, որ այսօր էլ դպրոց ընդունվելու համար գրեթե 7 աշակերտ է մոտեցել դպրոց, սակայն ոչ ոքին չեն կարողացել ընդունել։

«Այսօր էլ մի քանի հոգի եկել են դպրոց ու երևի թե 7 սովորողի մենք չենք կարողացել ընդունել դպրոց։ Պատկերացրեք՝ 5 երեխա փայլուն գնահատականներով էր։ Իրոք չենք կարողացել ընդունել, և մենք ստիպված եղանք այդ երեխաներին ցավով ճանապարհել, ուղղորդել այլ ուսումնական հաստատություն»,-ասաց փոխտնօրենն՝ ավարտելով խոսքը։

Աննա Սրապիոնյան




Լրահոս