Ապրիլի 28-ին ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը կառավարության գործունեությանը անվստահություն են հայտնելու:
Այդ չորս ուժերից «Ժառանգություն» կուսակցության ոչ բոլոր անդամներն են, որ համաձայն են «Ժառանգության» ԲՀԿ-ի հետ համագործակցությանը, քանի որ նրա ստվերում տեսնում են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Մասնավորապես Անահիտ Բախշյանը վերջերս հայտարարել էր. «ԲՀԿ-ն այսօր Հռոմի պապից ավելի կաթոլիկ է: Թե որքանով է դա ազնիվ, որքանով կարող եմ դրան հավատալ, չգիտեմ, վախը մեջս կա: Կամ արդյոք ԲՀԿ-ի ետևում Քոչարյանի ականջները չե՞ն երևում: Եթե հանկարծ հասկանամ, որ ԲՀԿ-ի այս կեցվածքը Քոչարյանի գործոնով է պայմանավորված, կընդվզեմ «Ժառանգություն»-ԲՀԿ համագործակցության դեմ:
Armlur.am լրատվականը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց` արդյոք ԲՀԿ-ի հետ համագործակցելիս «Ժառանգությունը» հաշվի է առել Քոչարյանի գործոնը:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ինքը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի, ոչ թե Քոչարյանի հետ:
«Անահիտը մեր նվիրյալ անդամներից է, առաջատար քաղաքացի է, ինքն իր տեսակետն արտահայտելու իրավունքը»,- ասաց Հովհաննիսյանը:
-Այսինքն` այս գործընթացների ետևում չե՞ք տեսնում Քոչարյանի ստվերը:
-Դա իմ մտապատկերում ընդհանրապես չկա:
Սոնա Դավթյան